ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Գերիների հարազատները քիչ առաջ բացեցին Գյումրի-Երևան և Գյումրի-Վանաձոր մայրուղիները: Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրիից։
Նշենք, որ նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ ՊՆ-ն ընդունել է անհետ կորածների և գերեվարված զինվորականների շուրջ 50 հարազատներին։
Իսկ ինչ վերաբերում է երկաթգծին, ապա այն բացելու վերաբերյալ տեղեկություն դեռ չկա։
Հիշեցնենք` երեկ երեկոյան պաշտոնական լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանում, սակայն ավելի ուշ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների վերադարձը կրկին հետաձգվում է։
Դրանից հետո ռազմագերիների հարազատները միացան ՊՆ–ի մոտ հավաքված անհետ կորածների հարազատներին և մինչև հիմա այնտեղ են։
2020 թվականի դեկտեմբերի 16-ին Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատներն էլ այսօր առավոտից փակել էին Գյումրի–Երևան ճանապարհը և հայտարարել, որ կբացեն միայն իրենց հարազատների վերադարձի մասին ստույգ ու սպառիչ տեղեկություն ստանալուց հետո։
Անհետ կորած զինծառայողների ծնողները փակել էին նաև երկաթուղային ճանապարհը Գյումրու Բայանդուր և Իսահակյան գյուղերում։ Էլեկտրագնացքները մնացել էին կայարաններում։