Եթե որոշեմ մասնակցել այս ընտրություններին, ապա դա կանեմ իմ դեմքով. Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանը վստահեցնում է` եթե մասնակցի ընտրություններին, ապա Նիկոլ Փաշինյանին կհեռացնի իշխանությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Սամվել Ֆարմանյանի հետ հարցազրույցում ասաց` եթե որոշի մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ապա դա կանի իր դեմքով։

Հայտնի է` ինչ ձևաչափով Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին

«Ես երբեք այս ընտրությունների նախաշեմին չեմ սատարելու որևէ ուժի՝ լինի իշխանամետ, թե իրապես ընդդիմադիր: Իմ ոչ մի ընկեր, համախոհ չի լինելու որևէ ցուցակում, եթե նա ինչ-որ մեկի ցուցակում է, ապա նա ոչ իմ ընկերն է: Եթե մասնակցեմ ընտրություններին, ապա դա անելու եմ իմ ընկերների ու այն մարդկանց հետ, որոնց համար կրելու եմ ուղիղ պատասխանատվություն։ Ես հեռացնելու եմ Նիկոլ Փաշինյանին  իշխանությունից»,–ասաց Մինասյանը։

Նրա խոսքով` ընտրությունները հնարավորություն են բոլորիս համար ցույց տալու, թե ով ով է: Մինասյանը նշեց` պետք չէ ընտրություններին վերաբերվել որպես վերջին ճշմարտության, քանի որ ոչինչ չի փոխվելու. եթե Փաշինյանը բանտում չէ, ապա դա, ըստ Մինասյանի,  պարտություն է բոլորի համար։

Արտահերթ ընտրությունները երկիրը ճգնաժամից դուրս չեն բերի. Արմեն Սարգսյան

Հիշեցնենք՝ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։