ՌԱԴԻՈ

Ցեղասպանության հերթական տարելիցի նախաշեմին Երևանից ռևերանսներ են արվում դեպի Թուրքիա

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ապրիլի 24-ին ընդառաջ ամերիկյան վարչակազմի կեցվածքին և ԱՄՆ–ից եկող ուղերձներին` կապված Հայոց ցեղասպանության ճանաչման հետ։ 
Sputnik
Ցեղասպանության հերթական տարելիցի նախաշեմին Երևանից ռևերանսներ են արվում դեպի Թուրքիա

Սուրեն Սարգսյանի դիտարկմամբ` տեղին չէ պնդել, որ Բայդեը կճանաչի ցեղասպանությունը, բայց վստահաբար կարելի է ասել, որ երբևէ ամերիկյան որևէ վարչակազմ այսքան մոտ կանգնած չի եղել «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուն։ Ըստ նրա` իհարկե Ռեյգանը ժամանակին այդ եզրույթն օգտագործել է, սակայն դա ադմինիստրացիայի դիրքորոշումը չի եղել, պարզապես նրա օգնականներից մեկը, որն էթնիկ հայ էր, նախագահի ելույթի տեքստում ներառել էր այդ եզրույթը։ 

«Այս պահին գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ հնարավորությունը բավականին մեծ է, որ Բայդենն  իր ուղերձում կօգտագործի «ցեղասպանություն» բառը ոչ միայն նրա համար, որ խոստացել է ամերիկահայերին, այլև այն նկատառությամբ, որ ընդհանուր միջավայրը բարենպաստ է այս պահի դրությամբ։ Միջավայր ասելով` նկատի ունեմ և՛ ներքաղաքական իրավիճակը, և՛ ԱՄՆ–ի հարաբերությունները Թուրքիայի հետ, որոնք պատմականորեն հիմա վատ մակարդակի վրա են գտնվում»,– նշեց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենը։

Սարգսյանը վերստին հիշեցրեց, որ երկու տարի առաջ Սենատն ու Ներկայացուցիչների պալատը բանաձևեր ընդունեցին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, ինչից հետո կողմ քվեարկեցին Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու նախագծին, ինչը բնականաբար նաև Թուրքիայի վրա ճնշում գործադրելու պրոցես է, որից փորձում է օգտվել ամերիկահայ համայնքը` հասնելով նրան, որ Բայդենն ի վերջո լինի այն նախագահը, ով կարտասանի «ցեղասպանություն» եզրույթը` քաղաքական ու իրավական գնահատական տալով կատարված հանցագործությանը։

Էրդողանի մահակը, կամ նա Բայդենին ակնարկում է`Ցեղասպանության ճանաչումը թանկ կնստի ԱՄՆ–ի վրա

«Հարյուր սենատորներից երեսունութն իրենց հերթին նամակ են գրել Բայդենին, որպեսզի նա ելույթում օգտագործի վերոհիշյալ բառը, բոլոր սենատորներն էլ կողմ էին քվեարկել երկու տարի առաջ ընդունված բանաձևին, իսկ ինչ վերաբերում է Ներկայացուցիչների պալատին, ապա այնտեղ այս պահին նախաձեռնված է գործընթաց և կարծում եմ, որ 100-150 կոգրեսականներ կստորագրեն փաստաթղթի ներքո` կոչ անելով Բայդենին օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը», առավել ևս, որ բանաձևին երկու տարի առաջ դեմ քվերակեց ընդամենը յոթ պատգամավոր, որոնք թուրք–ադրբեջանական բարեկամության խմբի անդամ էին»,– նշեց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենը։   

Նրա գնահատմամբ` Բայդենի վրա ուղիղ ճնշումներ կան հենց իր ղեկավարած կուսակցության կողմից, նախաձեռնողները հիմնականում դեմոկրատներն են, որոնց, բնականաբար, միացել են հանրապետական կոնգրեսականները։ Սարգսյանի տեղեկացմամբ` ԱՄՆ–ի նախկին բոլոր նախագահները խոստումներ տվել են ամերիկահայերին։ Միակ բացառությունը Թրամփն էր, բայց հենց նրա պաշտոնավարման օրոք ընդունվեցին երկու հայտնի բանաձևերը, ինչը քաղաքական նախադեպ է։ 

«Բայդենի կողմից «ցեղասպանություն» տերմինի կիրառումը մեր նպատակի վերջնակետը չէ». Մելքոնյան

Այդուհանդերձ, Սարգսյանը հայտնեց, որ ՀՀ իշխանությունն այդ գործընթացում որևէ կշիռ կամ ակտիվ դերակատարում չունի բացի խանգարելուց, որովհետև Ցեղասպանության հերթական տարելիցի նախաշեմին Երևանից հայտարարություններ են հնչում, ռևերանսներ են արվում դեպի Թուրքիան, ինչն էլ օգտագործվում է թուրք–ադրբեջանական լոբբիի կողմից, և այդ հայտարարություններն օգտագործվում են նաև ամերիկյան վարչակազմի այն ներկայացուցիչների կողմից, որոնք դեմ են ցեղասպանության ճանաչմանը։

Ըստ Սարգսյանի` ապրիլի 24-ին ընդառաջ Երևանից ԱՄՆ գնացող վտանգավոր ազդակները, ցավոք սրտի, չեն պակասում։  

Տեղեկացնենք, որ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախումբը ստորագրահավաք է սկսել` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը։    

Հայաստանը դիվանագիտական սխալի սահմանին․ ի՞նչը կխանգարի Բայդենին ճանաչել Ցեղասպանությունը