Զոհերի նույնականացման` արտերկրում և ՀՀ-ում արված ԴՆԹ-ի արդյունքները նույնն են. նախարար

Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն լուրերին, թե զոհերի որոշ ծնողներ իդենտիֆիկացման համար փորձանշումներն արտերկիր են ուղարկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հաստատեց` զոհված զինծառայողների աճյունների և մասունքների ԴՆԹ փորձաքննություն նաև դրսում է արվում` ծնողներն են նման ցանկություն հայտնում և նախաձեռնում։ Կառավարության նիստից հետո Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նման դեպքերը շատ չեն, սակայն դա մարդու իրավունքն է։

Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն

Նշենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ կան ծնողներ, որոնք չեն վստահում մեզ մոտ իրականացվող փորձաքննությանը և նմուշներն ուղարկում են արտերկիր։

«Մենք որևէ խնդիր չունենք այս առումով։ Ավելին, մենք ևս աջակցում ենք, որպեսզի ամբողջ պրոցեսն արագությամբ կազմակերպվի։ Մինչ այս պահն արտերկրում և մեր երկրում իրականացրած փորձաքննությունների արդյունքներն իդենտիկ նույնն են եղել»,–ասաց նախարարը։

Նշենք, որ առողջապահության նախարարությունը մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էր` մարտի 31-ի դրությամբ կատարվել է 3723 դիակի և մասունքի դատաբժշկական փորձաքննություն։ Նույն օրվա դրությամբ առկա է 238 մարմնի և մասունքի փորձանմուշ, որոնք պետք է անցնեն հետազոտություններ։

Վարանդայում և Ջրականում հայտնաբերվել է 2 աճյուն. ԴՆԹ կարվի

ՊՆ–ն էլ իր հերթին հայտնել էր, որ մարտի 31-ի դրությամբ արցախյան վերջին պատերազմի ժամանակ հաշվառվել է 3049 զոհված անձ։