Որքան է վճարվել «Սպուտնիկ V» գնելու համար. նախարարը վստահեցրեց` կիրառման թույլտվություն կա

Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ շրջանառվող այն լուրերին, թե Հայաստանում ռուսական պատվաստանյութը գրանցված չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի երկու դեղաչափի համար Հայաստանը վճարել է 19 դոլար։ Լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` նշելով, որ այսօր Հայաստան է բերվել պատվաստանյութի 15 000 դեղաչափ։

Երեկ լուրեր էին շրջանառվում, որ ռուսական պատվաստանյութը Հայաստանում գրանցված չէ։ Նախարարն անդրադարձավ նաև այդ լուրերին` վստահեցնելով, որ պատվաստանյութը կիրառման թույլտվություն ունի։

«Կորոնավիրուսի պատվաստանյութերի գրանցում այս պահին չի իրականացվում, քանի որ դրանք փորձարկման երրորդ փուլում են։ Բոլոր պատվաստանյութերն էլ, որոնք կավարտեն կլինիկական հետազոտության երրորդ փուլը, ինչ–որ մի շրջանում կգրանցվեն»,–ասաց նախարարը` հավելելով, որ այս պահին բոլոր պատվաստանյութերին տրվում է միայն օգտագործման թույլտվություն։

Նախարարը խոստացավ պատվաստումներին ու պատվաստանյութերին առնչվող բոլոր հարցերին պատասխանել ապրիլի 12-ին նախատեսված ասուլիսի ժամանակ։

1231 նոր դեպք, 28 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում հավելեց, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութը Հայաստանում կիրառելու թույլտվություն էր տրվել դեռ փետրվարի 1-ին։ Նրա խոսքով` այնպես չէ, որ բոլոր դեղերը պարտադիր պետք է գրանցվեն և նոր կիրառվեն` կա գործող կարգ, ըստ որի` բավարար է նաև դեղի կիրառման հատուկ թույլտվությունը դրա օգտագործման համար։

«Այստեղ օրենքի որևէ խախտման մասին խոսք լինել չի կարող»,–ասաց Խաչատրյանը։

Նա հայտնեց, որ ռուսական պատվաստանյութը դեռ նոր են ստացել, այն մաքսազերծման աշխատանքային փուլ պետք է անցնի, որից հետո կտրամադրեն ամբուլատորիաներին։

Խաչատրյանի խոսքով` մի շարք քաղաքացիներ իրենք են դիմել ամբուլատորիաներ, որ պատվաստանյութ ստանալուն պես իրենց պատվաստեն։