ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքային քննարկում կունենա ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը` հավելելով, որ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ապրիլի 8-12-ն աշխատանքային այցով կլինեն Ռուսաստանում:
«Մոսկվա կատարած այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՌԴ ոլորտային գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ Հայաստանի և Ռուսաստանի նախարարները կհանդիպեն իրար հետ, իսկ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը` ՌԴ սպորտի նախարարի տեղակալ Մարինա Տոմիլովայի հետ»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ ԿԳՄՍ ներկայացուցիչները նաև ներկա կլինեն այդ օրերին Ռուսաստանի մայրաքաղաքում ընթացող Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը, որին Հայաստանը ներկայացված է 14 մարզիկով: Վահրամ Դումանյանը և Կարեն Գիլոյանը մրցավայրից կհետևեն մեր մարզիկների ելույթներին:
Հիշեցնենք` երեկ աշխատանքային այցով Ռուսաստան էր մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։