Սոված լինեմ՝ հաց չեմ ուզի, բայց լամպ կուզեմ. գյումրեցի ինժեների յուրահատուկ հավաքածուն

90-ականների ցուրտ ու մութ տարիների խորհրդանիշը՝ լամպը, շատերի նկուղներում այսօր էլ պահպանվում է։
Sputnik

Գյումրեցի ինժեներ-մեխանիկ Մանուկ Հովհաննիսյանի համար ավելի քան 5 տարի է, ինչ լամպը հոբբի է դարձել: Սեփական թանգարանի համար էլ չի զլացել՝ որդիների հետ տան բակում փոքրիկ անկյուն է սարքել:

Մինչ բակ ուղեկցելը Մանուկը նախ մեզ ցույց տվեց տան մի անկյունում տեղադրված լամպերը՝ հպարտությամբ առանձնացնելով որդու ձեռքերով պատրաստած փայտե լամպը:

Սոված լինեմ՝ հաց չեմ ուզի, բայց լամպ կուզեմ. գյումրեցի ինժեների յուրահատուկ հավաքածուն

«Ամեն ինչ սկսվեց, երբ տարիներ առաջ քույրս Մոսկվա մեկնելուց առաջ մեր տուն բերեց իրենց իրերը, որոնց մեջ 2 լամպ կային, ևս 2-ը մենք ունեինք: Դեռ այսպես անկյուն բակում չկար, բայց երբ 5 լամպ ունեցա, մտածեցի հավաքածուի ու դրա համար հարմար անկյուն ստեղծելու մասին»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում հիշում է Մանուկը:

Սոված լինեմ՝ հաց չեմ ուզի, բայց լամպ կուզեմ. գյումրեցի ինժեների յուրահատուկ հավաքածուն

Այս պահին հավաքածուն ներառում է 137 լամպ: Դրանք բոլորն իրենց պատմությունն ունեն՝ տարբեր երկրներից են ու տարբեր ճանապարհներով են հասել Գյումրի: Մետաղե, հախճապակե, ճենապակե, ալյումինե, կերամիկական՝ Մանուկը մեկ առ մեկ ներկայացնում է լամպերը։ Դրանք ֆրանսիական, գերմանական, չեխական, չինական, ռուսական, ամերիկյան և այլ երկրների արտադրության են, աշխատում են նավթով կամ ճնշման տակ:

Սոված լինեմ՝ հաց չեմ ուզի, բայց լամպ կուզեմ. գյումրեցի ինժեների յուրահատուկ հավաքածուն

«Ամենաշատ լամպերը Ֆրանսիայից են՝ հորեղբորս որդին այնտեղ է ապրում ու, իմանալով իմ նախասիրության մասին, փորձում է ամեն գնով իմ հավաքածուն համալրել: Ամենահին՝ 1906 թվականի բրոնզաձույլ և ամենաթանկ՝ մեխլոր-գրանիտե ձեռագործ լամպերը ևս Ֆրանսիայից են, հորեղբորս մյուս որդին էլ Գերմանիայից է ուղարկում»,-ասում է Մանուկը նշելով՝ թեև հավաքածուի մեջ թանկարժեք լամպեր կան, բայց իր համար հավաքածուի բոլոր նմուշներն էլ հավասար թանկ են՝ բոլորն էլ կենսագրություն ու պատմություն ունեն:

Սոված լինեմ՝ հաց չեմ ուզի, բայց լամպ կուզեմ. գյումրեցի ինժեների յուրահատուկ հավաքածուն

Լամպերից շատերն անուններ ունեն. հիմնականում դրանք նվիրողի անունը կամ բնութագրող անվանումն է կրում, օրինակ՝ ստալինյան ժամանակների լամպը, որը հորաքույրն է նվիրել, «Թագավորի լամպ» է կոչվում:

Սոված լինեմ՝ հաց չեմ ուզի, բայց լամպ կուզեմ. գյումրեցի ինժեների յուրահատուկ հավաքածուն

Հավաքածուի հեղինակը ժպտալով ասում է՝ աչքը լամպ տեսավ՝ այնքան կխնդրի, մինչև լամպի տերը նվիրի: «Այս լամպերի պատճառով «երեսով» եմ դարձել: Սոված լինեմ՝ հաց չեմ ուզի, բայց լամպ կուզեմ»,-ասում է նա:

Հավաքածուի մեջ կան այնպիսի լամպեր, որոնք ոչ միայն լուսատուներ են, այլև դեկորատիվ զարդարանքի առարկաներ:

Մեր հարցին, թե հավաքածուն «թաքստոցից» հանելու և հանրությանը ներկայացնելու մտքեր չկա՞ն, Մանուկը պատասխանեց, որ գաղափար եղել է, բայց գրեթե 140 լամպը տանել-բերելը խնդիր է:

«Նույնիսկ Իրկուտսկից է առաջարկ եղել հավաքածուն այնտեղ ցուցադրելու, բայց տեղափոխելը խնդիր է»,-ասում է Մանուկը հավելելով՝ ով ցանկանում է՝ թող գա տեղում տեսնի:

Հարազատներն ու ընկերներն արդեն գիտեն՝ ինչ նվիրել ինժեներ-մեխանիկի ծննդյան օրը։