Հայ–ռուսական բանակցությունների ֆոնին. Պուտինն ու Ալիևը որոշել են ակտիվացնել շփումները

Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները քննարկել են Արցախի հարցը՝ հաշվի առնելով Մոսկվայում հայ-ռուսական բանակցությունների արդյունքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Տեղեկությունը հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Փաշինյանը Պուտինին առաջարկել է քննարկել միացյալ զորախմբի ու համատեղ ՀՕՊ համակարգի հարցերը

Նշվում է, որ կողմերը քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, դրա հետագա կայունացումը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների համաձայն:

«Մասնավորապես, առարկայական քննարկում է եղել տարածաշրջանի խաղաղության, անվտանգության ու սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման հարցերի, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման աշխատանքների ընթացքի շուրջ: Ընդ որում՝ հաշվի են առնվել ապրիլի 7-ին Մոսկվայում կայացած հայ - ռուսական բարձր մակարդակով բանակցությունների արդյունքները», - նշված է հաղորդագրության մեջ:

Պուտինն ու Ալիևը պայմանավորվել են տարբեր ձևաչափերում շփումների ակտիվացման մասին։

«Քննարկելու շատ հարցեր կան». Պուտինը Փաշինյանին ասել է` որն է ամենահրատապ խնդիրը

Հիշեցնենք՝ ապրիլի 7-ին Մոսկվայում կայացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։

Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են առևտրատնտեսական կապերի և տրանսպորտային երթուղիների վերականգնումը, խաղաղապահների օգնությամբ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորումը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության հեռանկարները:

Փաշինյանը Պուտինին առաջարկել է քննարկել միացյալ զորախմբի ու համատեղ ՀՕՊ համակարգի հարցերը