Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Հայկ Ղալումյանին և նոր նշանակում արել

ՀՀ վարչապետը երկու փաստաթուղթ է ստորագրել, որոնք վերաբերում են Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնին։ Կառավարության նիստի օրակարգի համաձայն` Հայկ Ղալումյանը նոր պաշտոն է ստանալու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանին։ Որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։

Փաշինյանը մեկ այլ փաստաթուղթ էլ է ստորագրել, որով Արթուր Ճաղարյանը նշանակվել է Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Ըստ կառավարության այսօրվա նիստի օրակարգի` Հայկ Ղալումյանը, որը Փաշինյանի քավորն է, նշանակվելու է Տավուշի մարզպետ։ Նա Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը ստանձնել էր 2019 թվականի սեպտեմբերի 14-ին։

Հիշեցնենք` ապրիլի 1–ին կառավարության նիստի ժամանակ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ազատվեց պաշտոնից և նշանակվեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար` այդ պաշտոնում փոխարինելով Հակոբ Արշակյանին: