Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը դժվարանում է մեկնաբանել նախօրեին Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությունը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու են նաև հայ–ռուսական միացյալ զորախմբի, համատեղ ՀՕՊ համակարգի գործողության մանրամասներ։
Նրա խոսքով` հայ-ռուսական միացյալ զորախումբը, որի մեջ մտնում են նաև Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան և 5-րդ բանակային կորպուսը, գործում է շատ վաղուց և մեկ անգամ չէ, որ համատեղ զորավարժություններ են անցկացվել։
«ԱԺ-ն այդ համաձայնագիրը վավերացրել է 2017-ի հոկտեմբերի 5-ին, որը ստորագրվել էր 2016-ի վերջին` նոյեմբերի 30-ին, իսկ միացյալ ՀՕՊ-ի պայմանագիրը ստորագրվել է 2015-ի դեկտեմբերին, վավերացվել` 2016-ի հունիսին»,- նշեց նա։
Դիտարկմանը, թե արդյո՞ք Փաշինյանը նկատի ուներ գործող զորամիավորման մասշտաբների ընդլայնումը և Սյունիքում նոր ռազմաբազա տեղակայելու հնարավորությունը, փորձագետը հակիրճ արձագանքեց. «Չգիտեմ, Փաշինյանի հայտարարությունները մշուշոտ, անորոշ ու երկիմաստ են, դրանք մեկնաբանելը` անշնորհակալ գործ»։
Այն, որ հիմա Արցախի, որոշ չափով նաև Հայաստանի անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահներն են, դրանում խոսք լինել չի կարող։ Բայց եթե Դոնբասում իրավիճակը սրվի, ըստ Վրթանեսյանի, Ռուսաստանի ուշադրությունն Արցախի և Հայաստանի ուղղությամբ կարող է որոշ չափով նվազել ռազմական ռեսուրսների առումով։ Այդ դեպքում, չի բացառվում, որ Ադրբեջանը թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ուղղությամբ հերթական արկածախնդրությանը դիմի։
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները կարևոր հարցեր են քննարկել
Հիշեցնենք` երեկ` ապրիլի 7-ին, աշխատանքային այցով ՌԴ մեկնած ՀՀ վարչապետը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել էր նաև Արցախում ռուս խաղաղապահների ունեցած դերակատարմանը և հույս հայտնել որ ՌԴ նախագահի հետ կքննարկեն նաև հայ–ռուսական միացյալ զորախմբի, համատեղ ՀՕՊ համակարգի գործողության որոշ մանրամասներ։