Իգոր Կրասնովը Արթուր Դավթյանին հրավիրել է Սանկտ Պետերբուրգում կայանալիք խորհրդաժողովին

Ռուսաստանի գլխավոր դատախազի և Արթուր Դավթյանի երևանյան հանդիպման արդյունքում հայտարարություն է ստորագրվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը Երևան կատարած այցի ընթացքում իր հայ գործընկեր Արթուր Դավթյանին հրավիրել է մասնակցելու ամռանը Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրոպական դատախազների խորհրդաժողովին: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի դատախազության մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի գլխավոր դատախազն իր հայ գործընկերոջը հրավիրել է մասնակցելու ընթացիկ տարվա հուլիսին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք Եվրոպական պետությունների դատախազությունների ղեկավարների խորհրդաժողովին, որի նախապատրաստումն իրականացնում է ՌԴ գլխավոր դատախազությունը Եվրոպայի խորհրդի և դատախազների միջազգային ասոցիացիայի հետ համատեղ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են դատախազների իրավապաշտպան և իրավապահ գործունեության արդիական ասպեկտները, ինչպես նաև նախանշել հետագա փոխգործակցության ուղիները ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ բազմակողմ միջազգային համաժողովների հարթակներում:

Հանդիպման արդյունքում երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև համագործակցությունը զարգացնելու մտադրության մասին հայտարարություն է ստորագրվել: Փաստաթուղթը նախատեսում է Ռուսաստանի և Հայաստանի դատախազությունների մարմինների աշխատակիցների որակավորման բարձրացման կազմակերպման հնարավորություն: Ռուսաստանի դատախազությունը հիշեցրել է, որ 2000 թվականի դեկտեմբերին ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի կողմից Ռուսաստանի Դաշնության դատախազության համալսարանին տրվել Է ԱՊՀ մասնակից երկրների՝ դատախազությունների մարմինների աշխատողների պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման բազային կազմակերպության կարգավիճակ:

Հիշեցենք` Կրասնովը Հայաստան է ժամանել այսօր` ապրիլի 8-ին, Արթուր Դավթյանի հրավերով։