ՀՀ կառավարությունը համաներում է հայտարարում զինծառայությունից խուսափողների համար

Համաներումը չի կիրառվելու այն անձանց նկատմամբ, որոնք համաներման ակտը ուժի մեջ մտնելու դրությամբ մեղադրվում կամ մեղադրվել են ՀՀ ՔՕ այլ հոդվածներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել է «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որն այսօր նախարար Բադասյանը ներկայացրեց կառավարության հերթական նիստում։

Առաջնագծում անմխիթար վիճակ է, իսկ ՊՆ-ն անգործություն է դրսևորում. «Ժողովուրդ»

Օրինագծով առաջարկում է համաներում հայտարարել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից, ինչպես նաև վարժական հավաքներից խուսափած անձանց նկատմամբ։

Բադասյանի խոսքով` համաներում կստանան ավելի քան 5000 հետախուզման մեջ գտնվող ու 124 դատապարտված անձինք։

«Համաներումը չի կիրառվելու այն անձանց նկատմամբ, ովքեր համաներման ակտը ուժի մեջ մտնելու դրությամբ մեղադրվում կամ մեղադրվել են ՀՀ քրեական օրենսգրքի այլ հոդվածներով»,– ասաց Բադասյանը։

Նախագծի քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ համաներումը կիրառվում է հատկապես այն քաղաքացիների համար, որոնք Հայաստանում չեն ու չեն կարողանում վերադառնալ քրեական հետապնդման ենթարկվելու պատճառով։