ՌԱԴԻՈ

Համաներման մասին օրինագիծն արդար չէ հատկապես պատերազմում զոհվածների նկատմամբ. Հովհաննիսյան

Փաստաբան, ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ կառավարության հավանությանն արժանացած օրենսդրական նախագծին, որվ համաներում է հայտարարվում զինծառայությունից խուսափողների համար։ 
Sputnik
Համաներման մասին օրինագիծն արդար չէ հատկապես պատերազմում զոհվածների նկատմամբ. Հովհաննիսյան

Արթուր Հովհաննիսյանի դիտարկմամբ` դա նախընտրական շրջանի տրամաբանության մեջ տեղավորվող քաղաքական քայլ է, որպեսզի ժողովրդին տրամադրեն դեպի իրենց, այսինքն` իրենց կարծիքով այդ քայլը դրական է, մինչդեռ պետությանը, ըստ փաստաբանի, դա ոչ մի օգուտ չի բերելու։

Ըստ նրա`ժամանակին կար այլ օրենք, որով զինծառայությունից խուսափողներին պատասխանատվությունից ազատում էին միայն կոնկրետ, շատ մեծ գումար վճարելու պայմանով, և եթե մի կողմից բանակը համալրման խնդիր ուներ, սակայն մյուս կողմից էլ գոնե գումար էր մտնում պետական բյուջե, ու այդ միջոցները կարելի էր օգտագործել պայմանագրային զինծառայողներ ներգրավելու համար։ 

ՀՀ կառավարությունը համաներում է հայտարարում զինծառայությունից խուսափողների համար

«Հիմա այդ քայլով ստացվում է, որ անձինք կրկին խուսափելու են պատասխանատվությունից, սակայն պետական բյուջե ոչ մի գումար չի մտնելու, հետևաբար եթե գոնե ցանկանում էին պատասխանատվությունից ազատել զինծառայությունից խուսափողներին, ապա ավելի ճիշտ կլիներ այդ օրենքի տրամաբանության համաձայն` այնպես անեին, որ բյուջե որոշակի գումար մտներ, առավել ևս պատերազմից հետո, երբ մեր զինված ուժերը գումարի ու համալրման խնդիր ունի»,– նշեց արդարադատության նախկին փոխնախարարը։ 

Հովհաննիսյանի կարծիքով` այդ օրինագիծն արդար չէ հատկապես նրանց նկատմամբ, ովքեր զոհվեցին արցախյան պատերազմում, որովհետև ցանկացած զինծառայող կարող էր մտածել, թե ինչու պետք է ծառայի, եթե մյուսները խուսափում են և դրա համար չեն ենթարկվում ոչ մի պատասխանատվության։

«Նրանք, ովքեր անցել են պատերազմի միջով, հիմա կարող են ասել, որ ավելի ճիշտ էր չգնա՞լը։ Իսկ ի՞նչ ասեն զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները, ասեն, որ ավելի լավ էր իրենց զավակները չգնայի՞ն, միևնույն է՝ չէին ենթարկվելու պատասխանատվության։ Առնվազն այս փուլում նման քայլ անելը տեղին չէր, դա պարզապես քաղաքական քայլ է նախընտրական գործընթացներին ընդառաջ»,–նշեց փաստաբանը։

Հովհաննիսյանը տարակուսանք հայտնեց նաև այն նկատառության առթիվ, ըստ որի` այդ նախագծով զինծառայությունից խուսափողներին հնարավորություն է ընձեռվում ՀՀ տնտեսական, սոցիալական, հոգևոր, մշակութային ոլորտների զարգացման համար սեփական անվանդը ներդնել։ Փաստաբանը հռետորական հարցադրում արեց, թե ո՞վ է չափելու այդ ավանդը, իսկ հակառակ պարագայում ո՞րն է բացասական ներդրումը, այսինքն` գրվել են ականջահաճո բաներ, որոնք կյանքի չեն կոչվելու և մնալու են թղթի վրա։ 

Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիքը հանրայնացնելու մեջ մեղադրվող ԱԱԾ պաշտոնյան արդարացվել է

Տեղեկացնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել է «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որն այսօր նախարար Բադասյանը ներկայացրեց կառավարության հերթական նիստում։

Օրինագծով առաջարկվում է համաներում հայտարարել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից, ինչպես նաև վարժական հավաքներից խուսափած անձանց նկատմամբ։

Ազգային ժողովում օրենքի ուժ ստանալուց հետո համաներում կստանա ավելի քան 5000 հետախուզման մեջ գտնվող ու 124 դատապարտված անձ։