ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Զբոսաշրջության կոմիտեն կրկին Հայաստանում է հյուրընկալում Россия 1 հեռուստաընկերության «По секрету всему свету» ճանապարհորդական հաղորդման նկարահանող անձնակազմին։ Այս մասին տեղեկանում ենք կոմիտեի Facebook-ի էջից։
«Այս անգամ հաղորդավարը՝ հայտնի ռուս դերասան Միխայիլ Տարաբուկինը, կբացահայտի Դիլիջանի գողտրիկ անկյունները, տաղանդավոր և յուրահատուկ մարդկանց, խոհանոցը, Գոշավանքն ու Գոշի լիճը, Լոռու մարզի Ֆիալետովո գյուղի ռուս հնածեսականների նիստն ու կացը»,–նշված է կոմիտեի էջում։
Նշվում է, որ հաղորդումը կանդրադառնա նաև Արենի 1 քարանձավի գինու արտադրության համալիրին, որն աշխարհում այս պահին հայտնաբերվածների մեջ հնագույնն է։
«Միխայիլը կբացահայտի նաև ամենահին կաշվե` մոտ 6 հազար տարեկան կոշիկի պատմությունը, այնուհետև կուղևորվի դեպի Շաքիի ջրվեժ, Քարահունջ, Հին հալիձոր, «ՏաԹևեր»-ով Տաթևի վանք՝ ռուսաստանցի հեռուստադիտողներին Հայաստանը ներկայացնելով յուրովի»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հաղորդման նկարահանումները շարունակվում են։ Այն նախատեսվում է հեռարձակել Ռուսաստանի երկրորդ հեռուստաալիքով մայիս ամսին։
Աշխարհում Հայաստանի իմիջի փոփոխություն և ոչ միայն. ինչպես փրկել զբոսաշրջային ոլորտը