Ծաղիկներ, ծաղիկներ... ինչպե՞ս է Հայաստանում վերջին տարիներին զարգացել ծաղկի շուկան

Կանանց տոնին Հայաստանում ամենաշատը ծաղիկ է վաճառվում։ Sputnik Արմենիան փորձել է պարզել, թե վերջին տասնամյակում ինչպես է զարգացել ծաղկի շուկան. ո՞ր երկրներից են ծաղիկներ ներմուծում, ո՞ր երկրներ են արտահանվում և ի՞նչ ծաղիկներ են տեղում աճեցվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik, Աստղիկ Սուքիասյան. Վերջին տարիներին ծաղիկների հայաստանյան շուկայում առաջատար դիրքեր են զբաղեցնում տեղական արտադրողները՝ զբաղեցնելով ներքին շուկայի մոտ 95%-ը:

64 մլն հատ տեղական ծաղիկ՝ մեկ տարում

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության կոմիտեի տրամադրած տվյալների՝ 2020 թվականին Հայաստանում դաշտերում, ջերմոցներում և ջերմատներում հավաքված ծաղիկների քանակը կազմել է շուրջ 64 մլն 427 հազար, 2019–ին՝ 60 մլն 484 հազար, 2018-ին՝ ավելի քան 52 մլն, իսկ աննախադեպ աճ է գրանցվել 2017 թվականին` 68 մլն 672 հազար հատ։

Ծաղիկներ, ծաղիկներ... ինչպե՞ս է Հայաստանում վերջին տարիներին զարգացել ծաղկի շուկան

Ծաղիկների հայաստանյան շուկայում տեղական արտադրությունը սկսեց զարգանալ 2016 թվականից, երբ ծաղիկների քանակը հասավ 34 մլն-ի, մինչդեռ նախորդ տարիներին չէր գերազանցում 20 մլն–ը։

Հայաստանում կա մոտ 1000 հեկտար ջերմատուն, որի մոտ 40 տոկոսը ծաղիկների համար են։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ջերմոցատերերը այժմ հիմնականում վարդ են աճեցնում։ Նախկինում նախապատվությունը տալիս էին մեխակին, ապա՝ գերբերային։

Դաշտային հողերի գերակշիռ մասում աճեցնում են կակաչներ, թրաշուշաններ, խրիզանթեմներ, լիլիաներ, լիզիանտուսներ և շատ քիչ՝ այլ տեսակի ծաղիկներ։

Հայաստանից ծաղիկների արտահանման ծավալն աճել է

Հայաստանը 2020 թվականին արտահանել է ավելի քան 122 տոննա և 19 մլն հատ ծաղիկ (պաշտոնական վիճակագրությամբ նշվում է երկու տարբեր ցուցանիշներ՝ կախված ծաղկի տեսակից)։ Որպեսզի հասկանանք, թե վերջին տարիներին որքան կտրուկ է աճել տեղական ծաղիկների արտահանման ծավալը, բավական է նշել, որ 2010-ական թվականներին արտահանման առավելագույն քանակը եղել է 12 տոննա, որը մինչև 2016 թվականը դարձել է 25 տոննա։

Ծաղիկներ, ծաղիկներ... ինչպե՞ս է Հայաստանում վերջին տարիներին զարգացել ծաղկի շուկան

Եթե 2019 թվականի տվյալներով արտահանված հայկական ծաղիկների մեծ մասի գնորդը Վրաստանն էր (2019 թվականին Վրաստան է արտահանվել ավելի քան 19 տոննա և 13 մլն 625 հազար հատ ծաղիկ), ապա 2020 թվականին Ռուսաստանը բացարձակ առաջատար է։ 2020 թվականին ՌԴ է արտահանվել 103 տոննա ծաղիկ։ Այս աննախադեպ աճը ենթադրաբար կարելի է կապել կորոնավիրուսային համավարակի հետ, երբ Հայաստանում փակվեցին նաև ծաղկի խանութները, իսկ ՌԴ–ում խիստ սահմանափակումներ դեռ չկային։

2019 թվականին ՌԴ է արտահանվել 7 տոննա և 14 մլն 330 հազար հատ ծաղիկ։

Նախորդ տարիների համեմատ նվազել է դեպի Բելառուս ծաղկի արտահանումը։ Եթե 2016 թվականին ավելի քան կես միլիոն հատ ծաղիկ էր արտահանվում այդ երկիր, ապա 2020 թվականի տվյալներով՝ ընդամենը 28000։

«Ծաղիկներով սիրում են կյանքը». Մուշեղ Պողոսյանը ներկայացնում է ծաղկարվեստի ավանդույթները

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանից հիմնականում արտահանվում են հոլանդական և տեղական վարդեր, մեխակներ, գերբերաներ, կակաչներ, խրիզանթեմներ։

Հայաստան ներմուծված ծաղիկների ծավալները նվազում են

Արտադրության ու արտահանման ծավալների աճին զուգահեռ՝ տարեցտարի նվազում է ծաղիկների ներմուծումը։ Եթե 2012 թվականին Հայաստան ներմուծվել է 1 մլն 124.000 հատ ծաղիկ, ապա 2020 թվականին՝ ընդամենը 223.900։ Նվազել է նաև տոննայով ծաղկի ներմուծումը։ Եթե 2018 թվականին այն հասել էր իր պիկին`40 տոննա, ապա 2020 թվականին դարձել է 4 տոննա։

Ծաղիկներ, ծաղիկներ... ինչպե՞ս է Հայաստանում վերջին տարիներին զարգացել ծաղկի շուկան

2021 թվականի հունվարի դրությամբ Հայաստան ծաղիկ է ներմուծվել Ռուսաստանից (108309 հատ), Վրաստանից ( 14000 հատ և 807 կգ) և Էկվադորից (39015 հատ և 110 կգ)։

Արտերկրից Հայաստան են ներմուծվում հիմնականում վարդեր, խոլորձ, անթուրիում, կակտուսներ, սպատիֆիլլում ,էուֆորբիա, մագնոլիա, կլիվիա, գուզմանիա, դիֆֆենբախիա և այլն։

Ծաղիկներ, ծաղիկներ... ինչպե՞ս է Հայաստանում վերջին տարիներին զարգացել ծաղկի շուկան

Բոլոր դեպքերում՝ անկախ արտահանման կամ ներմուծման ծավալներից՝ ծաղիկների պարգևած ժպիտը ոչ մի չափման միավորով հնարավոր չէ չափել։