ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի- Sputnik. Պատերազմից 5 ամիս անց մի շարք բուժհաստատություններում շարունակում են գտնվել արցախյան վերջին պատերազմում ծանր վիրավորում ստացած զինծառայողներ։ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր այցելել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նախարարին ներկայացվել են պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած և բժշկական կենտրոնում ապաքինվող զինծառայողների առողջական վիճակն ու բուժման ընթացքը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը։
«Բժշկական կենտրոնի ղեկավարության, բուժող բժիշկների հետ քննարկվել է ծանր բեկորային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Հայկ Զաքարյանի բուժումն արտերկրում կազմակերպելու հարցը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նախարար Հարությունյանը շեշտել է, որ պետք է անել հնարավոր ամեն բան զինվորի կյանքը փրկելու համար։ Նա ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետին հստակ ցուցումներ ու հանձնարարականներ է տվել հարցի շուտափույթ լուծման վերաբերյալ։
Էլի գոհ էի, որ ողջ եմ. Զինվորի տանը 8 տղաներ առաջին անգամ քայլեցին պրոթեզներով