ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. ՀՀ կառավարությունը հակված է վերանայել հիփոթեքային վարկի սպասարկման նպատակով եկամտահարկի վերադարձման համակարգը։ Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը` չբացառելով գործող կարգի դադարեցման հնարավորությունը։
«Մենք ունենք համոզմունք, որ այս ծախսը բնույթով սոցիալական չէ: Եվ այսօր՝ հատկապես հետպատերազմյան և համավարակային այս ժամանակաշրջանում, ունենք շատ ավելի այլ առաջնահերթություններ»,-ասաց փոխնախարարը:
Նրա մեկնաբանմամբ՝ ժամանակին, երբ համակարգը ներդրվել է, նպատակը եղել է բնակարանային ապահովման խնդիր ունեցող քաղաքացիներին պետական աջակցություն ցուցաբերելը, բայց այսօրվա արդյունքները կառավարությանը չեն գոհացնում։
«Կառավարությունը չի թաքցել և բոլոր պատեհ առիթներով հայտարարել է, որ փորձելու է գտնել հարմար պահ և համակարգը վերանայել այն տրամաբանությամբ, որ կա՛մ դրա գործունեությունը դադարեցվի, կա՛մ ձևափոխվի՝ որոշակի սահմանափակումներով,– ասաց փոխնախարարը,– երբ երկրում տնտեսական ակտիվության անկում նկատվեց, գուցե այո, դա ամենահարմար պահը չէր այս համակարգի կիրառությունը վերացնելու կամ ձևափոխելու առումով, բայց այդ հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում»։
Պողոսյանը նաև հայտնեց, որ համակարգի վերանայման դեպքում այն քաղաքացիները, ովքեր արդեն օգտվում են եկամտահարկի վերադարձման գործող կարգից, կշարունակեն օգտվել դրանից մինչև իրենց հիպոթեկային պայմանագրերի ավարտը։
Ո՞ւմ համար է առավել դժվար վարկային վճարումներ կատարել. ԿԲ-ն վիճակագրություն է ներկայացրել
Նշենք, որ եկամտահարկի վերադարձի որոշումը հիպոթեքային վարկավորման պարագայում ընդունվել է 2015թ–ին և տարածվել 2014թ–ի նոյեմբերի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
Պաշտոնական վիճակագրության համաձայն, ներդրման առաջին տարում վերադարձվել է ընդամենը 253 մլն դրամ, 2019-ին` 7.9 մլրդ, իսկ 2020 թվականին` 13.3 մլրդ դրամ: Պետության կանխատեսումների համաձայն՝ առաջիկա 3-4 տարիներին այս սրընթաց աճի տեմպը պահպանվելու է: