ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. «ՎԵՏՕ» շարժման կին անդամներն ակցիա են կազմակերպել. նրանք քայլերթով Շառլ Ազնավուրի հրապարակից գնացին դեպի կառավարություն` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հրաժարականը։
«Շուրջ 6 ամիս է` օրացույցը նոյեմբերի 10-ից այն կողմ չենք կարողանում շրջել։ Գործող իշխանությունը թաքուն փորձում էր թրքասիրության քարոզ իրականացնել, իսկ հետպատերազմյան շրջանում արդեն իսկ բացահայտ են խոսում թշնամու հետ ընկերանալու մասին այն դեպքում, երբ մենք անհետ կորածներ և գերիներ ունենք»,–ասաց «ՎԵՏՕ» նախաձեռնող խմբի անդամ Աննա Հակոբյանը։
Լրագրողներից մեկի հարցին, թե չե՞ն վախենում, որ ոստիկանները բերման կենթարկեն իրենց` Հակոբյանը պատասխանեց, որ այլևս ոչ մի բանից չեն վախենում, քանի որ կորցնելու ոչինչ չունեն։
Կանայք թուրքական ֆես էին վերցրել, որպեսզի այն նվիրեն գործող իշխանությանը։
Նրանք քայլերթով մոտեցան կառավարության շենքին, որտեղ մի քանի շարքով ոստիկաններ էին հավաքված։ Կանայք հորդորեցին ճանապարհ բացել, իսկ հետո փորձեցին ճեղքել ոստիկանական պատնեշն ու շենք մտնել։
Ի՞նչ պետք է անի Թուրքիան տարածաշրջանի խաղաղության համար. Փաշինյանի պատասխանն «Ինտերֆաքսին»
Կանայք հավկիթներ նետեցին կառավարության շենքի և ոստիկանների ուղղությամբ։ Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել շարժման մասնակիցներից որոշներին։ Նշենք, որ ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև հրմշտոց սկսվեց։
Բողոքի ակցիան շարունակվում է։