Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի աշխատանքը դադարեցվել է. կայանի նորոգման գումար չկա

Կայանի արտադրած էլեկտրաէներգիան նախատեսվում էր արտահանել Իրան ու դրա շնորհիվ եկամուտ ստանալ։ Բայց խոստացված բարձր լարման օդային գիծն այդպես էլ չկառուցվեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. «Հրազդան-5» կայանի շահագործումը ժամանակավորապես դադարեցված է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից։

Կայանի աշխատանքի դադարեցման պատճառը դրա գազատուրբինային տեղակայանքի (որը հիմնական սարքավորում է)  կապիտալ նորոգման անհրաժեշտությունն է։ Ըստ «Գազպրոմ Արմենիայի»` առանց  նորոգման դրա հետագա աշխատանքն անհնար է: Իսկ նորոգման համար նախնական հաշվարկով անհրաժեշտ է շուրջ 16 մլն. եվրո։

Ի՞նչ է իրականում կատարվում Հայաստանի ատոմակայանում. պարզաբանում է գլխավոր տնօրենը

«Գազպրոմ Արմենիան» նշում է, որ այս գումարը չի փոխհատուցվել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից առաջարկված սակագներով:

Բացի այդ, ընկերությունը հիշեցնում է, որ «Հրազդան-5» կայանի արդիականացման նախագծով նախատեսված էր, որ կայանում արտադրված էլեկտրական էներգիայի հիմնական մասը (467 ՄՎտ) պետք է արտահանվեր Իրան: Արտահանումն էլ պետք է իրականացվեր Իրան-Հայաստան կառուցվող բարձր լարման օդային գծով։ Բայց այդ գծի  շինարարությունն  առ այսօր ավարտված չէ:

Արդյունքում, «Գազպրոմ Արմենիան»  արձանագրում է, որ «Հրազդան-5» կայանը, գործարկումից ի վեր, աշխատել է ոչ կանոնավոր և իր հզորությունների մոտ 30%-ի չափով, ինչը բերել է նշված գործունեության վնասաբերության։ Դրա հետևանքով ընկերությունն արդեն շուրջ 100 մլն. ԱՄՆ դոլարի վարկ ունի, ևս  16 մլն եվրո էլ անհրաժեշտ է կայանի գազատուրբինի կապիտալ նորոգման համար։

Հիշեցնենք` Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը ամբողջական ծավալով շահագործման էր հանձնվել 2013թ.–ի դեկտեմբերի 2-ին։ Նույն օրը ստորագրվել էր համապատասխան փաստաթուղթ, որով «Գազպրոմը» ձեռք էր բերել «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը` դառնալով ընկերության լիակատար բաժնետեր:

Հայաստանն ավելի արդյունավետ ատոմակայան կունենա

Ինչ վերաբերում է «Իրան-Հայաստան» էլեկտրահաղորդման օդային գծի կառուցմանը, դրա վերջնաժամկետը վերջին անգամ հետաձգվել էր 2019թ–ին։ Նոր վերջնաժամկետ էր սահմանվել 2020թ. տարեվերջը։

Իսկզբանե ենթադրվում էր, որ շինարարությունը պետք է ավարտվի 2018 թվականին։

Հիշեցնենք նաև, որ դեպի Իրան գնացող գիծը կառուցվում է Իրանի միջոցներով։ Նախատեսված 107,9 մլն եվրոյի 77%–ը տրամադրել է Իրանի արտահանման և զարգացման բանկը, 23%–ը` հիմնական կապալառու «Sunir» ընկերությունը։