ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. Ճանաչված հայ գեղեցկուհիները շնորհավորել են կանանց Մայրության ու գեղեցկության տոնի կապակցությամբ ու լուսանկարներ հրապարակել։
Սիրված երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել դստեր` Միլայի հետ ու շնորհավորել կանանց տոնը։
«Սիրելի մայրեր, քույրեր, կանայք, աղջիկներ, շնորհավոր ձեր տոնը։ Միշտ լինեք գնահատված ու սիրված ու ձեր սրտում թող միշտ գարուն լինի»,–գրել է նա։
Ճանաչված դիետոլոգ Լիլիթ Բաբասյանն էլ վստահ է, որ մայրիկ լինելն արդեն հարստություն է։ Նա որդու` Ալեքսանդրի հետ նոր լուսանկար է հրապարակել ու կից գրառում կատարել։
«Ես մաղթում եմ, յուրաքանչյուր կնոջ հարստանալ հենց այսպես` մայրանալով։ Շնորհավոր Ապրիլի 7»,–գրել է նա։
Հանրային հեռուստաընկերությունն էլ Մայրության ու գեղեցկության տոնի կապակցությամբ ֆոտոշարք է արել հայտնի հաղորդավարուհիների հետ, որոնց թվում է նաև գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը։
Հրապարակած լուսանկարում Լուսինեն իր երկու երեխաների` Արիանայի և Ալեքի հետ է։
Մինչ երջանիկ մայրիկները իրենց երեխաների հետ լուսանկարներ են հրապարակում ու շնորհավորանքներ գրում, սիրված դերասանուհի Տոմա Պետրոսյանը տղամարդկանց հիշեցրել է, որ կարող են 11 ամիս հանգիստ շնչել։
«Հանգիստ շնչեք տղաներ, մնաց 11 ամիս, համ էլ շնորհավոր Ապրիլի 7»,–կատակել է դերասանուհին։
Նշենք, որ ապրիլի 7-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։ Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում, որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։