Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման գործընթացն առաջ է գնում

Կառուցապատման ընթացքում պետք է հաշվի առնվեն բնակիչների, ներդրողների շահերն ու հանրային շահը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. Այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Երևան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատման ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի նիստը: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Կարող է խնդրահարույց լինել. Ալավերդյանը` կառավարության օրենսդրական փաթեթի մասին

Ավինյանի խոսքով՝ թաղամասի կառուցապատման գործընթացն առաջ է գնում՝ նկատի ունենալով նախագծային աշխատանքների իրականացման գործընթացում ՇՄԱԳ-ի (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) դրական եզրակացության ստացումը:

«Փոխվարչապետը շեշտել է, որ պետությունը պետք է երեք ուղղություններով հավասարակշռման քաղաքականություն վարի. առաջինը՝ պետք է հաշվի առնվեն բնակիչների շահերը, որոնք պիտի իրենց գույքի համար արդար փոխհատուցում ստանան, երկրորդը՝ ներդրողների շահերն են, որպեսզի ունենան տրամաբանական շահութաբերության որոշակի շեմ, իսկ երրորդը հանրային շահի ապահովումն է: Համակարգված աշխատանքի և նշյալ ուղղությունները հավասար գերակայություն ճանաչելու հիմքով՝ այս տարի պետք է տրվի կառուցապատման ծրագրի մեկնարկը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Քննարկվել է թաղամասի ամբողջական ծավալատարածական լուծումների և կառուցապատման ամբողջական էսքիզային նախագիծը: Ընդգծվել է, որ թաղամասի տարածքում առկա բոլոր պատմամշակութային հուշարձանները պահպանվելու են, իսկ պահպանության և ամրակայման աշխատանքները կատարվելու են օրենքով սահմանված կարգով:

Երևանի Դիանա Աբգարի անվան պուրակը Մաշտոցի պուրակին կապող գետնանցումը բացվել է

Ավինյանն ընդգծել է, որ կառավարության որդեգրած քաղաքականությամբ խոշոր կառուցապատման ծրագրերը պիտի իրականացվեն մրցութային հիմքով՝ սկսած նախագծման աշխատանքներից: Այդ սկզբունքն արդեն կիրառվում է Կոնդ թաղամասի դեպքում, ինչպես նաև վերաբերում է Նորագյուղում նախապատրաստվող կառուցապատման ծրագրին։

Անցած տարվա օգոստոսին տեղեկացրել էինք, որ կառուցապատման ընդհանուր մակերեսը 58 հազար քառակուսի մետր է, աշխատանքներն իրականացվել են 49 հազար քառակուսի մետրում, իսկ մնացած 9 հազարը դեռ իրականացման փուլում են։

Այդ պահին 70 միլիոն դոլար էր ներդրվել նախագծում։ Ծրագրված է ևս 200 միլիոն դոլար ներդնել։ Ենթադրվում է, որ 6-ից 8 հազար աշխատատեղ է բացվելու։

Վերակառուցված թաղամասում լինելու են մշակույթի ու արվեստի անվանի գործիչների թանգարան, հուշանվերների խանութներ և փայտե պատշգամբներով քարե շենքեր։