ՌԱԴԻՈ

Կարո՞ղ է արդյոք տնտեսությունը երկնիշ թվով աճել, եթե առաջին եռամսյակում ունենք էական անկում

Карлен Хачатрян
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ընթացիկ տարում Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշին՝ Համաշխարհային բանկի և ՀՀ Կենտրոնական բանկի ու էկոնոմիկայի նախարարության ներկայացրած թվերի համադրությամբ։  
Sputnik
Կարո՞ղ է արդյոք տնտեսությունը երկնիշ թվով աճել, եթե առաջին եռամսյակում ունենք էական անկում
Կարո՞ղ է արդյոք տնտեսությունը երկնիշ թվով աճել, եթե առաջին եռամսյակում ունենք էական անկում

Կառլեն Խաչատրյանի դիտարկմամբ` Համաշխարհային բանկը մշտապես փորձում է կանխատեսել աշխարհում առաջիկա տարիների կտրվածքով տեղի ունեցող տնտեսական զարգացումները։ Ըստ նրա`այդ կանխատեսումներն, ըստ էության, հիմնված են Համաշխարհային բանկի փորձագետների ենթադրությունների վրա։

«Հայաստանի համար, այո, կանխատեսվում է, որ 2021 թվականին կունենանք 3,4 տոկոս տնտեսական աճ, բայց այնտեղ ենթադրվում է նաև, որ հնարավորինս շուտ հնարավոր կլինի հաստատել քաղաքական կայունություն, և երկրում համավարակի դեմ պայքարն էլ արդյունավետ կլինի։ Այսինքն` կան որոշակի ենթադրություններ, որոնցից էլ բխում է վերոհիշյալ ցուցանիշը, իսկ եթե քաղաքական գործընթացների կամ համավարակի առթիվ ՀԲ–ի փորձագետների կանխատեսումները չիրականանան, ապա նույնիսկ 3,4 տոկոս տնտեսական աճը հասանելի չի լինի»,– նշեց տնտեսագետը։

«Մեզ անհրաժեշտ է արհեստավարժ կառավարություն, որն արագ որոշումներ է կայացնում». Թարվերդյան
Հայաստանը տնտեսական առումով ծանր վիճակում է. Թարվերդյանը լուծում է առաջարկում

Խաչատրյանն անդրադարձավ նաև Հայաստանի ԿԲ–ի և էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված կանխատեսումներին ու ցուցանիշներին և շեշտեց, որ Կենտրոնական բանկը մեր երկրի տնտեսական քաղաքականություն իրականացնող ինստիտուտներից դեռևս ամենապրոֆեսիոնալ մնացած կառույցն է ու հենց դրանով պետք է պայմանավորել այն հանգամանքը, որ ԿԲ–ի թե՛ հրապարակումները, թե՛ կանխատեսումները շատ ավելի կշռադատված են, ավելի պրոֆեսիոնալ են ու զերծ քաղաքական ոչ պատասխանատու հայտարարություններից` ի տարբերություն էկոնոմիկայի նախարարության։ 

«Նաև դրանով պետք է պայմանավորել, որ օրինակ ԿԲ–ի կանխատեսումը 2021 թվականի տնտեսական աճի մասով շատ մոտ է Համաշխարհային բանկի կանխատեսումներին։ Մեր երկրի ներսում էլ անկախ փորձագետների զգալի մասը մինչև 3 տոկոսանոց տնտեսական աճ է կանխատեսում 2021 թվականի համար, և այս ֆոնին միակ երկնիշ տնտեսական աճ խոստացող կառույցը փաստացի մնում է էկոնոմիկայի նախարարությունը»,– ասաց տնտեսագետը։

Խաչատրյանի համոզմամբ`էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարություններն ավելի շատ պետք է դիտարկել քաղաքական, հանրային լայն զանգվածների մոտ որոշակի ականջահաճո մոտեցումներ արթնացնելու մոտիվացիոն տեսանկյունից։ Ըստ տնտեսագետի` չի կարող 2021 թվականին երկրի տնտեսությունը երկնիշ տեմպով աճել, եթե առաջին եռամսյակում մենք ունենք էական անկում, հսկայական անորոշություն և բացասական սպասումներ բիզնես աշխարհի կողմից։ 

2021 թ.–ի առաջին ամիսների տնտեսական ցուցանիշները լավատեսություն չեն ներշնչում. տնտեսագետ

Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն` Հայատանում տնտեսական աճը 2021 թվականին կհասնի 3,4 տոկոսի, մինչդեռ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով` եթե ներկայիս աճի տեմպը պահպանվի, ապա 2021 թվականի վերջին ավելի քան 10 տոկոս տնտեսական աճ կգրանցվի` 2020 թվականի համեմատ։ 

Տեղեկացնենք, որ ՀՀ Կենտրոնական բանկն իր հերթին 1,4 տոկոս կանխատեսում է արել, իսկ բյուջեում պլանավորված է 3,2 տոկոս։