Բոլորը պնդումները սուտ են. Բաբկեն Թունյանը հերքեց Հրանտ Բագրատյանի հայտարարությունները

Եթե Հրանտ Բագրատյանն ապացուցի, որ անցյալ տարի 120 մլն դոլարի պարգևավճար է բաժանվել պետական համակարգում, Թունյանը ներողություն կխնդրի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն այսօր հանձնաժողովի հերթական նիստում անդրադարձավ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի` երեկ ընդդիմության հանրահավաքում արած հայտարարություններին։

«Այս բոլոր պնդումները սուտ են։ ԱԺ նախագահի, վարչապետի եկամուտների հայտարարագրերը դեռ չեն հրապարակվել։ Նախկինում հրապարակված տվյալներում նման ինֆորմացիա չկա։ 120 մլն դոլարի պարգևավճար 2020թ.–ին պետական համակարգում չի եղել»,– հայտարարեց Թունյանը։ 

«Բա ճիշտ ենք արել, հլը ավելի շատ պարգևավճար պետք ա տանք ոստիկաններին». Ալեն Սիմոնյան

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Սևանում կայացած հանրահավաքում Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, որ հրապարակվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի 2020թ.–ի եկամուտները և որ յուրաքանչյուրինը կազմում է 60 000 դոլար։

Բագրատյանը նաև ասել էր, որ Փաշինյանը չի համարձակվում բարձրացնել ԱԺ նախագահի, պատգամավորների, նաև իր աշխատավարձը, բայց ամեն ամիս պարգևավճարներ է տալիս։ Ըստ նրա` 2020թ–ին պարգևավճարների համար բյուջեից 120 մլն դոլար է ծախսվել։ Նախկին վարչապետի հաշվարկով` այդ գումարով պետությունը կարող էր 2000 փոքր ԱԹՍ գնել, կամ 10 ՏՕՌ համակարգեր։

Բագրատյանի այս հաշվարկները Բաբկեն Թունյանը «վտանգավոր մանիպուլյացիա» որակեց` հավելելով, որ այդ կերպ պետության ցանկացած այլ ծախսերի մասին էլ կարելի է ասել, որ դրանք կարող էին ուղղվել այլ նպատակի։

ՊԵԿ-ն ու վարչապետի աշխատակազմը 15 մլն դոլարի պարգևատրում են ստացել. պատգամավոր

«Եթե պարոն Բագրատյանն ապացուցեց, որ անցյալ տարի 120 մլն դոլարի պարգևավճար է բաժանվել, պետական համակարգում, ես ներողություն կխնդրեմ»,– ասաց Թունյանը։

Հակառակ պարագայում, Թունյանը ներողություն է ակնկալում նախկին վարչապետից։