Արմեն Սարգսյանն ընդունել է Գագիկ Ջհանգիրյանին

ՀՀ նախագահն ու Բարձրագույն դատական խորհրդի անդամը դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ մտքեր են փոխանակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik.Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրյանին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Հանդիպմանը մտքեր են փոխանակվել դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Անդրադարձ է եղել նաև Ազգային ժողովի ընդունած և ՀՀ նախագահի ստորագրմանը ներկայացված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին:

Մարտին խորհրդարանը 81 կողմ, 15 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Դատական օրենսգրքի փոփոխությունները, որոնք ոչ միանշանակ ընդունվեցին իրավաբանների շրջանում։

Հիշեցնենք, որ օրենքի փոփոխմամբ առաջարկվում է այսուհետ հրապարակել միայն դատարանի տեղը, որտեղ պետք է քննվի, օրինակ, կալանքի միջնորդությունը, իսկ դատավորի տվյալները չներկայացնել։ Հունվարի 14-ին կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով վերոհիշյալ նախագծի մասին, ասել էր, թե այս նոր կարգավիճակում հայտնվող դատավորների անաչառությունը և անկաշառությունը որևէ կերպ կասկածի տակ չպետք է դրվեն։