ԱՄՆ-ն Հայաստանին հավելյալ 1 մլն դոլար է տրամադրում COVID-19-ի դեմ պատվաստման համար

Համավարակի դեմ պայքարի նպատակով Միացյալ Նահանգների՝ մեր երկրին տրամադրած ֆինանսական միջոցները հասնում են 11 միլիոն դոլարի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի– Sputnik․ Միացյալ Նահանգների կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով, լրացուցիչ 1 միլիոն դոլար է տրամադրում՝ աջակցելու COVID-19 դեմ պայքարում։ Տեղեկությունը հայտնում է USAID Armenia-ի մամուլի ծառայությունը Facebook-ի պաշտոնական էջում։

Հայաստանը պատրաստվում է ևս 800 մլն դրամի պատվաստանյութ ներկրել

Այսպիսով, COVID-19-ի դեմ պայքարի համար ԱՄՆ ՄԶԳ տրամադրած ընդհանուր ֆինանսավորումը մեր երկրին դառնում է ավելի քան 11 միլիոն ԱՄՆ դոլար։

«Այն ներառում է արտակարգ իրավիճակի համար նախատեսված ֆինանսավորում՝ առողջապահական հրատապ կարիքները բավարարելու, ինչպես նաև ժողովրդավարական զարգացման և տնտեսական աճի վրա համավարակի երկրորդային և երրորդային ազդեցությունները մեղմացնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ֆինանսական միջոցները հատկացվում են ՅՈՒՆԻՍԵՖ-ին` Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումների օժանդակման և արդյունավետ իրականացման համար՝ ըստ «Պատվաստանյութերի բաշխման և պատվաստումների ազգային ծրագրի»։

«Համաճարակի ողջ ընթացքում ԱՄՆ-ն գործակցել է Հայաստանի հետ՝ COVID-19-ի դեմ պայքարում: Այս նոր օժանդակության միջոցով մենք կշարունակենք աշխատել միասին`հաղթահարելու COVID-19-ը և նախապատրաստվելու հանրային առողջության հետագա սպառնալիքներին»,- կառույցը մեջբերում է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի խոսքերը։

Նշենք, որ համավարակի բռնկումից մինչ օրս ԱՄՆ-ն սերտորեն գործակցում է Հայաստանի հետ՝ հանրային առողջության պահպանման և COVID-19-ի դեմ արձագանքն ուժեղացնելու ուղղությամբ: Սա ներառում է լաբորատոր կարողությունների ամրապնդման և ծանր դեպքերի կառավարման ֆինանսավորում, հիմնական սարքավորումների ապահովում, աջակցություն խոցելի տնային տնտեսություններին և երեխաներին և այլն։

Աֆեյանի ընկերությունը պատվաստանյութի 100 մլն չափաբաժին է փոխանցել ԱՄՆ-ի կառավարությանը

Հաղորդագրության մեջ շեշտվում է, որ ԱՄՆ-ը շարունակում է «գլոբալ առաջնորդություն ցուցաբերել միջազգային առողջապահության և COVID-19 համավարակի դեմ պայքարում հումանիտար աջակցություն ցուցաբերելու գործում»։ 2001 թվականից ի վեր ԱՄՆ կառավարությունն ավելի քան 140 միլիարդ ԱՄՆ դոլարի օժանդակություն է ցուցաբերել գլոբալ առողջապահական ծրագրերին և տեղական առողջապահական համակարգերի կարողությունների զարգացմանը: