Վանեցյանի և Խաչատրյանի գաղտնալսման դեպքով հարուցված քրգործերից մեկը կարճվել է

Հայտնի գաղտնալսման դեպքով քրգործերից մեկը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի (հեռախոսազրույցների պահին զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը), ինչպես նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման դեպքի առթիվ հարուցված քրգործերից մեկը կարճվել է, իսկ մյուսով նախաքննությունը շարունակվում է։ Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

ՔԿ-ն հերքում է. Վանեցյան–Խաչատրյան սկանդալային գաղտնալսման գործով որևէ անձ չի ձերբակալվել

Այսպես, 2018-ի սեպտեմբերի 11-ին ԶԼՄ–ներով «ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի խոսակցությունը հայտնվել է համացանցում» վերտառությամբ հրապարակումներում տեղ գտած պաշտոնեական լիազորություններն անցնելու առկայությունը մատնանշող տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) հարուցված քրգործը կարճվել է։ Կարճվելու համար հիմք է հանդիսացել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ հանցակազմի բացակայությունը։

Իսկ ահա հեռախոսային խոսակցություններն ապօրինի ձայնագրելու և համացանցում տարածելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով հարուցված քրգործի նախաքննությունը շարունակվում է: Այս գործով 3-ն էլ ճանաչվել են որպես տուժող և հարցաքննվել:

Հիշեցնենք, որ դեռ 2018–ի սեպտեմբերի 11–ին համացանցում հայտնվել էր Վանեցյանի և Խաչատրյանի աղմկահարույց հեռախոսազրույցի ձայնագրությունը։

«Ձայնագրությունը մոնտաժված է, դա փաստ է». Վանեցյանը մեկնաբանեց սկանդալային գաղտնալսումը

Նրանք 8-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում քննարկում էին Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։

Վանեցյանը հատուկ քննչական ծառայության ղեկավարին պատմում էր դատավորի հետ զրույցի մասին, որին հրահանգ էր տրվել ամեն գնով «նստեցնել» Քոչարյանին։

Այնուհետև անցնում էին Խաչատուրովին։ ԱԱԾ պետն ասում էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ոչ մի դեպքում չի կարելի ձեռք տալ, քանի որ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու վտանգ կա։

Դրան ասել եմ` դուխով. դատարանում հիշեցին Քոչարյանի ու Խաչատուրովի մասին գաղտնալսումները