Տարիներով ստեղծվածը մի քանի ժամում ոչնչացավ. «Սուրմալուի» հրդեհի հետքերով

Տոնավաճառի այրված տաղավարներում հիմնականում վաճառվում էին գրենական պիտույքներ, խաղալիքներ, ինչպես նաև մանր-մունր հագուստ։ Դեպքի վայրում իրավիճակի մանրամասներին ծանոթացել է Sрutnik Արմենիայի թղթակիցը։
Sputnik

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Տաղավարների մուտքերի առաջ թափված խաղալիքների բեկորները, տուժածների ու պարզապես անցորդների վշտացած դեմքերը, արդեն հեռվից զգացվող վառածի հոտն ու հրշեջները, որոնք փորձում են գտնել ու մարել վերջին այրվող օջախները, նման պատկեր կարելի է տեսնել երեքշաբթի Երևանի «Սուրմալու» առևտրի տոնավաճառում:

Տարիներով ստեղծվածը մի քանի ժամում ոչնչացավ. «Սուրմալուի» հրդեհի հետքերով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 6-ի գիշերը, ժամը 03:08-ին ահազանգ է ստացել, որ այրվում է «Սուրմալու» առևտրի կենտրոնը: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է 14 հրշեջ-փրկարարական մարտական հաշվարկ: Հրդեհին տրվել է բարդության ամենաբարձր աստիճանը։

Հրդեհը տուժածների աչքերով

Մոտենում ենք այն վայրին, որը դեռ երեկ սովորական առևտրային տաղավար էր։ Շուրջը կանգնած են տղամարդիկ, կանայք, հարցնում ենք՝ ում առևտրային օբյեկտն է այրվել։ Ոմանք ասում են, որ պարզապես անցորդներ են, իմանալով տեղի ունեցածի մասին, որոշել են տեսնել արտակարգ պատահարի վայրը, ոմանք էլ այլ առևտրի կետերի վաճառողներ են։

«Չէ, մենք հիմա պետք է մատաղ անենք, մեր խանութը չի այրվել, անվնաս տեղում կանգնած է։ Բայց խեղճ Հովիկը... 30 տարին ջուրը գնաց»,- ասաց տղամարդկանցից մեկը։

Մոտակայքում մի խումբ տղաներ լուռ նայում են ածխացած առարկաներին, զննում տոնավաճառի տարածքը։ «Ասես կինո լինի, հորս արև, լրիվ կինո է»,- ասում է նրանց կողքով անցնող կինը:

Փորձում ենք զրուցել տուժածների հետ, հասկանալ կորուստների ծավալները։ «Ինչու՞ եք եկել, լավություն արեք, գնացեք, միայն դուք էիք պակաս։ Ասես ուրախանում են այս ամենից․․․» - դժգոհում էր տղամարդը՝ տեսնելով նկարահանող խմբին։

Տարիներով ստեղծվածը մի քանի ժամում ոչնչացավ. «Սուրմալուի» հրդեհի հետքերով

«Ամբողջը կորցրինք, 30 տարում քրտինքով աշխատածը վառվեց-գնաց։ Ոչ ոք ոչինչ չի կարող ասել, թե ինչպես է բռնկվել հրդեհը», - Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց խանութներից մեկի տնօրեն Տիգրան Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ իր գրենական պիտույքների խանութը հայտնի էր ինչպես քաղաքում, այնպես էլ քաղաքից դուրս։ Արտադրանքը հիմնականում ներկրում էր Ռուսաստանից և Չինաստանից, հունվարի 1-ի դրությամբ պահեստում ունեցել է մոտ 44 մլն դրամի (մոտ 86 հազար դոլար) ապրանք՝ առանց ԱԱՀ-ի։ Տղամարդը նշեց, որ տարեսկզբից արդեն երկու անգամ նոր խմբաքանակներ են ստացվել, սակայն դեռ չեն հասցրել հաշվել ապրանքների ընդհանուր արժեքը։ Հիմա հաշվարկներ կատարելն ուղղակի անհնար է, կրկակը ոչնչացրել է ոչ միայն ապրանքը, այլև ամբողջ տեխնիկան ու փաստաթղթերը։

Տարիներով ստեղծվածը մի քանի ժամում ոչնչացավ. «Սուրմալուի» հրդեհի հետքերով

Նա չի հասկանում՝ ինչպես է գիշերվա երեքին հրդեհ բռնկվել։ Տարածված վարկածներից մեկի համաձայն՝ բռնկումը տեղի է ունեցել կարճ միացման հետևանքով։

«Բանն այն է, որ մենք արդեն 30 տարի է աշխատում ենք գրենական պիտույքների բաժնում, խանութում չենք ծխում, դուրս գալուց առաջ անջատում ենք հոսանքը, որ խուսափենք միացումներից ու հրդեհից», - ասաց Տիգրանը:

Նա նշեց, որ նույնիսկ մի փոքր կայծը կարող էր հրդեհի հանգեցնել, քանի որ ամբողջ ապրանքը դյուրավառ է։ Նա չի հասկանում՝ ումից է ամեն ինչ սկսվել, արտադրամասի գործընկերներից ով կարող էր «արտահոսք» թույլ տալ և ինչպես է շարունակելու աշխատել։

Զրույցն ընդհատեց մի կին, որի խանութը նույնպես ամբողջովին այրվել էր։ Նա նշեց, որ կրակը ոչնչացրել է ոչ միայն ապրանքը, այլ նույնիսկ այն շրջանառության գումարը, որը պահվում էր խանութում: Այստեղ նրա մոտ պահվում էր 3 հազար դոլար, նույնքան էլ՝ համարժեք դրամ։

Տարիներով ստեղծվածը մի քանի ժամում ոչնչացավ. «Սուրմալուի» հրդեհի հետքերով

«Այդ բիզնեսը մեր զավակն էր»,- ասաց նա՝ արցունքները սրբելով ու շրջվելով։

Սարգիս Մկրտչյանի ու նրա թիմի բախտն ավելի շատ է բերել, եթե կարելի է այդպես ասել։ Մակարոնի և այլ ապրանքների որոշ պաշարներ պահպանվել են։

Տարիներով ստեղծվածը մի քանի ժամում ոչնչացավ. «Սուրմալուի» հրդեհի հետքերով

«Ինչ կարողանում ենք՝ փորձում ենք փրկել։ Հիմա հասկանում եմ՝ ինչ էին զգում արցախցիները, երբ կրակի մեջ էին տեսնում իրենց տները, երբ տարիներ շարունակ կառուցում ես, ու հաշված ժամերի, րոպեների ընթացքում այդ ամենը ոչնչանում է», - ասաց Մկրտչյանը։

Տարիներով ստեղծվածը մի քանի ժամում ոչնչացավ. «Սուրմալուի» հրդեհի հետքերով

Նրա խոսքով՝ ինքը երկար տարիներ աշխատել է այստեղ, հիմա չգիտի՝ ինչ անի։ Նա չի պատկերացնում՝ ինչը կարող էր հրդեհի պատճառ լինել, քանի որ համոզված է՝ այստեղ աշխատողներից ոչ մեկը չէր կարող հենց այնպես ինչ-որ բան միացրած թողնել կամ խանութից դուրս գալուց առաջ ամեն ինչ չստուգել։ Ի վերջո, բոլորն իրենց բիզնեսի մեջ ոչ միայն գումար են ներդրել, այլև հոգի, կյանքի տարիներ։

Իրավիճակը փրկարարների աչքերով

Մինչ զրուցում էինք, տարածքում և շենքում աշխատում էին ՀՀ ԱԻՆ 4 հրշեջ-փրկարարական ջոկատների աշխատակիցները: Նրանք չէին նեղվում ուժեղ ծխից ու վառածի հոտից, որը զգացվում էր նույնիսկ հարյուր մետր հեռավորության վրա:

Փրկարարները մանրամասն նայում էին ամեն մի կտոր, ամեն մի մանրուք, որ վերջնականապես մարեն այն փոքր օջախները, որոնք դեռ պահպանվել են։

Տարիներով ստեղծվածը մի քանի ժամում ոչնչացավ. «Սուրմալուի» հրդեհի հետքերով

Հրդեհաշիջման խմբի ղեկավար Արթուր Մարդանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հրդեհը ոչնչով չի տարբերվում մյուսներից, սակայն «Ձյունիկից» հետո ամենախոշոր ու ծավալույն հրդեհն է Երևանում:

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խմբի պետ Գարեգին Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ իրավիճակը թեև բարդ է, քանի որ տարածքը մեծ է, բայց վերահսկողության տակ է վերցվել: Նա ասաց, որ շուտով ծխի բոլոր օջախները կմարվեն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:24-ին, մարվել՝ 08:39-ին:

Տարիներով ստեղծվածը մի քանի ժամում ոչնչացավ. «Սուրմալուի» հրդեհի հետքերով

Իսկ ի՞նչ է ասում տնօրինությունը

Տոնավաճառի տնօրենին երկար ժամանակ անհնար էր գտնել։ Ավելի ուշ պարզվեց, որ նա ու վարչակազմի մյուս անդամները գիշերվանից դեպքի վայրում են՝ փորձելով օգնել փրկարարներին ու հասկանալ, թե ինչպես արձագանքել արտակարգ պատահարին:

Արդյունքում մեզ հաջողվեց զրուցել «Սուրմալու» տոնավաճառի առևտրի սեկտորի վարիչ Վարդան Մանուկյանի հետ։ Լրագրողների հետ զրույցում Մանուկյանը նշեց, որ հրդեհի մասին իմացել է գիշերը։

Տարիներով ստեղծվածը մի քանի ժամում ոչնչացավ. «Սուրմալուի» հրդեհի հետքերով

«Այրվել է մոտ 2 հազար քառակուսի մետր տարածք՝ 18 տաղավար, 4 պահեստ։ Բոլոր տուժածներին անվճար տեղեր են հատկացրել, նրանք այնտեղ են տեղափոխում իրենց ապրանքը»,- ասաց Մանուկյանը։

Նրա խոսքով՝ անվտանգության ծառայության աշխատակիցն ասել է, որ հրդեհը բռնկվել է խաղալիքների տաղավարում։ Նա կոտրել է ապակին ու փորձել մարել կրակը, սակայն չի կարողացել, ու շուտով հրդեհը տարածվել է ու զգալի տարածք է գրավել։

Նա ընդգծեց, որ նման ֆորսմաժորային իրավիճակներ դեռ չեն եղել։ Մանուկյանը նշեց, որ հետագա գործողությունների, այդ թվում՝ տուժածներին հասցված վնասի փոխհատուցման մասին որոշում կկայացնի արդեն տոնավաճառի խորհուրդը: