Պետք է անվտանգության գոտի լինի. Թաթոյանը՝ Սյունիքում տեղի ունեցած միջադեպի մասին

Ադրբեջանական զինվորականները կրկին քարեր են նետել հայկական պետհամարանիշով քաղաքացիական ավտոմեքենայի ուղղությամբ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն իսկույն փաստահավաք աշխատանք է նախաձեռնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik․ Սյունիքում պետք է լինի անվտանգության գոտի։ Այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Դավիթ Բեկ-Շուռնուխ գյուղերի հատվածում տեղի ունեցած միջադեպին։

Այսօր առավոտյան ժամը 4:00-ից 5:00-ի սահմաններում Կապան-Երևան միջպետական ավտոճանապարհի Դավիթ Բեկ-Շուռնուխ գյուղերի հատվածում տեղակայված ադրբեջանական զինվորականները քարեր են նետել հայկական պետհամարանիշով քաղաքացիական ավտոմեքենայի ուղղությամբ:

«Տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է փաստահավաք աշխատանք՝ Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի ստորաբաժանման ներգրավմամբ: Այդ աշխատանքների շրջանակում Դավիթ Բեկ-Շուռնուխ գյուղերի միջև ճանապարհի միջադեպի հատվածի ուսումնասիրությունը հաստատել է, որ անմիջապես այդ վայրում տեղակայված են ադրբեջանական զինվորականներ: Միջադեպի մասին տեղեկությունը Մարդու իրավունքների պաշտպանին հաստատել է Կապան համայնքի ղեկավարը և նշել, որ ավտոմեքենան եղել է քաղաքացիական` ուղևորներով, հայաստանյան համարանիշով», - գրված է հաղորդագրությունում։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ տեղի ունեցածն ակնհայտորեն վկայում է ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ ամրագրված և միջազգայնորեն ճանաչված իրավունքների համար իրական սպառնալիքի մասին: Միջադեպի վերաբերյալ տեղեկությունները ակնհայտորեն հիմնավորում են Մարդու իրավունքների պաշտպանի հայեցակարգն այն մասին, որ ՀՀ քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով Սյունիքում պետք է լինի անվտանգության գոտի: Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհներին Ադրբեջանական զինվորականներ, ցուցանակներ ու դրոշներ չպետք է լինեն:

Սյունիք չի կարող թուրքի ոտք մտնել. Շուռնուխի սահմանին մեծ եռագույնն է ծածանվում․ տեսանյութ

Այս միջադեպի մասին տեղեկությունները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն առանձին կուղարկի միջազգային կառույցներին, ինչպես նաև կներառի անվտանգության գոտու հայեցակարգում:

Ադրբեջանցիները «դաբրո չեն տալիս»` գնանք, կովերին գտնենք. Շուռնուխից 6 անասուն է անհետացել