ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. «Իմ քայլի» նախընտրական ցուցակն այս անգամ տարբերվելու է նախորդից։ Ի տարբերություն 2018-ի, երբ ցուցակը ձևավորում էր կուսակցության վարչությունը, և վարչության հիերարխիայի ներկայացուցիչներին, այսպես ասած, իրավունք էր տրված մի խումբ «յուրայինների» մտցնել ցուցակ, այս անգամ Փաշինյանը միայնակ է կազմում ցուցակը, և այն արտահայտելու է նրա՝ որևէ կուսակցից գոհ կամ դժգոհ լինելու փաստը։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
«Հաջողվեց պարզել, որ առաջին տասնյակը հետևյալ պատկերն է ունենալու, թեև նախնական է․ այն կգլխավորի Փաշինյանը, երկրորդ-չորրորդ տեղերը կբաշխվեն Արարատ Միրզոյանի, Սասուն Միքայելյանի և Լենա Նազարյանի միջև, դեռ վերջնական որոշում չկա՝ ով է լինելու առաջինը։ Հինգերորդ հորիզոնականում Փաշինյանը տեսնում է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին, ապա՝ Սուրեն Պապիկյանին, ութերորդը՝ Տիգրան Ավինյանին, և քանի որ ցուցակի 30 տոկոսը պետք է կանանց ընդգրկել, և ամեն 4-րդը պետք է կին լինի, իններորդ հորիզոնականը կհատկացնեն Լիլիթ Մակունցին, տասը՝ Արայիկ Հարությունյանին»,–գրում է թերթը։
Ի դեպ, թերթի տեղեկություններով, Լիլիթ Մակունցի և Արփի Դավոյանի միջև լուրջ մրցապայքար է գնացել 2-րդ կնոջ տեղի համար, ի վերջո, հաղթել է Մակունցը, չնայած պատրաստվում է մեկնել ԱՄՆ՝ ՀՀ դեսպանի կարգավիճակում»:
«Ձեր ուզած օրը, ձեր ուզած օրենսգրքով ընտրություն ենք անում, էլ ի՞նչ եք ուզում». Մարուքյան
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական արտահերթ ընտրություններ կանցկացվեն։