Կստորագրի՞, թե՞ ոչ. կրթության ոլորտի ներկայացուցիչները նույն սպասումները չունեն Սարգսյանից

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծն ընդունել–չընդունելու առումով գնդակն այս պահին ՀՀ նախագահի դաշտում է։ Նա կստորագրի՞, թե՞ ՍԴ կդիմի։ Sputnik Արմենիան զրուցել է ոլորտի մասնագետների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Լեզվաբան Նարինե Դիլբարյանը համոզված է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վճռական կլինի և չի ստորագրի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը։ Դիլբարյանը նման կարծիք հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում` անդրադառնալով աղմկահարույց օրենքի նախագծին։

Մարտի 24-ին ԱԺ–ն ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» մասնագետների կողմից քննադատության արժանացած օրենքի նախագիծը, որը նախագահը դեռ չի ստորագրել։ Մինչ այդ օրենքի նախագծի դեմ էին արտահայտվել ԳԱԱ–ն, ԵՊԲՀ–ն, ԵՊՀ–ն։ Ավելին, երեկ Գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանը հայտարարություն տարածեցին` նշելով, որ օրենքի որոշ դրույթներ հակասում են Սահմանադրությանը. նրանք ՀՀ նախագահին հորդորել են չստորագրել օրենքը։

«Արմեն Սարգսյանը, լինելով համալսարանական և մեկը, ում կենսագրության վիթխարի մի հատվածն այսօր էլ կապված է գիտության ոլորտի հետ, չի կարող թերագնահատել նման տիպի օրենքների վտանգները։ Կարծում եմ, որ նախագահը վճռական դիրքորոշում կցուցաբերի և կկարողանանք կանխել սպասվող ծանրագույն հարվածը ՀՀ գիտությանը և կրթությանը»,–ասաց Դիլբարյանը։

Նրա խոսքով` չնայած օրենքի մասին շատ է խոսվել, սակայն որոշ կետերի վտանգները գուցե թերագնահատվել են։ Լեզվաբանը նշում է, որ նախագահի դիրքորոշումից շատ բան է կախված, նա ուզում է հավատալ, որ Սարգսյանը չի ստորագրի օրենքը։ Դիլբարյանն ասում է, որ մտավորականների համար նախագահի վճռական լինելն անհրաժեշտ է, քանի որ Հայաստանում այդպիսի պետական կարևոր նշանակության խնդիրները պետք է որոշվեն և հանգուցալուծվեն սահմանադրական ու իրավական ճանապարհով։

Ի՞նչ կլինի, եթե նախագահը չստորագրի Բարձրագույն կրթության մասին օրենքը. իրավագետի տեսակետը

«Հույս ունեմ, որ այս անգամ իրողությունը չի լինի ձայն բարբառոյ անապատի, որը վերջերս դարձել է սովորական։ Այսինքն` բոլորս խոսում ենք, բարձրաձայնում իրողություններ, բայց մնում ենք անապատում միայնակ բարբառողի կարգավիճակում։ Գիտեմ, որ նախագահը հանդիպումներ է ունեցել, և դեռ էլի է ունենալում։ Կարծում եմ` այդ հանդիպումների արդյունքում ճիշտ որոշում կկայացվի»,–իր խոսքն ամփոփեց Դիլբարյանը։

Գրականագետ Սերժ Սրապիոնյանը, սակայն, ճիշտ հակառակ կարծիքի է` նա կարծում է, որ նախագահը ստորագրելու է օրենքի նախագիծը, քանի որ այդ մասին են փաստում նրա` վերջին շրջանում արած քայլերը։ Սրապիոնյանն ասում է, որ նախագահի գործունեությունից հիասթափվել է, քանի որ ժամանակին շատ դրական էմոցիաներ է ունեցել, որոնք ժամանակի ընթացքում մարել են։

«Նախագահի կրավորական կեցվածքը բազմաթիվ այլ հարցերում ինձ պեսիմիզմով ու կասկածանքով են լցրել, և ես ամենևին վստահ չեմ, որ նախագահն իրեն նախագահի պես կպահի։ Կարծում եմ, որ Արմեն Սարգսյանն այդ չարաբաստիկ օրենքը կստորագրի, քանի որ սկսում եմ համոզվել, որ նախագահին շատ քիչ է հետաքրքրում` ինչ լծակներ ունի Հայաստանում»,–ասաց Սրապիոնյանը։

Նրա խոսքով` «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծը գրեթե գաղտնաբար, ամենալարված շրջանում բերեցին ԱԺ և անցկացրին։ Սա, ըստ գրականագետի, հատուկ պայմանավորվածության հետևանք էր, և նախագահի հետ հավանաբար նույնպես պայմանավորվածություն կա։

«Տա Աստված, որ ես սխալվեմ, սակայն կարծում եմ` նախագահը կստորագրի այն և դրանով վերջին հարվածը կտա Հայաստանում բավականին լուրջ ավանդույթներ ունեցող կրթական համակարգին, և կփակեն բուհական կրթության դագաղի կափարիչը»,–ասաց Սրապիոնյանը։

Նա հիշեցրեց, որ օրենքով բուհի հոգաբարձուների խորհրդի կազմի մասին դրույթով (5 անձ նախարարի ներկայացուցիչ, 4-ը` բուհից) օրենքով ամրագրվում է, որ կառավարությունը պետք է ղեկավարի բուհին։ Սա, ըստ նրա, անհեթեթ է` առավել ևս, որ կառավարությունը ոչինչ չի տալիս բուհերին, և սրանով բուհը դառնալու է կառավարության քաղաքականության դիվիդենտները սպասարկող կառույց։

«Հուսով ենք` ՀՀ նախագահը չի ստորագրի. Վիկտոր Կատվալյանը` աղմկահարույց օրենքի մասին

ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Յուրի Ավետիսյանն էլ իր հերթին կարծում է, որ երեք տարվա ընթացքում եղած փորձը ցույց է տալիս, որ մտավորականների ձայնը հնչում է, բայց ոչ մեկն ականջալուր չի լինում։ Ավետիսյանը չնչին հույս ունի, որ նախագահը կարող է չստորագրել նախագիծը։

«Աննշան հույս կա, որ նախագահը կարձագանքի մտավորականներին և չի ստորագրի նախագիծը, սակայն այդ հույսը մեծ չէ»,–ասաց Ավետիսյանը։

Նա հավելեց` եթե նախագահը ստորագրի նախագիծը, ապա կկորցնենք կրթական ոլորտի անկախությունը։ Ավետիսյանը նշեց` իրենք պայքարում էին, որպեսզի բուհի կառավարման խորհուրդը, որը նախկինում բաղկացած էր 6+6 ձևաչափից (6 նախարարության ներկայացուցիչներ, 6 բուհի) փոխվի և դառնա 5+6 ձևաչափով` հօգուտ բուհի, սակայն ճիշտ հակառակն արվեց` նախարարության ներկայացուցիչների թիվն ավելացավ։ Ավետիսյանը կարծում է, որ օրենքի նախագծով լուծում են բուհի ռեկտորի` իրենց նախընտրելի թեկնածուին նշանակելու հարցը։

Հիշեցնենք, որ երեկ Արմեն Սարգսյանն ընդունել էր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին։ Հանդիպմանը քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը։