ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Դոլարի փոխարժեքի բարձրացման ու որպես դրա հետևանք Հայաստանում գրանցվող գնաճային իրավիճակը կառավարելի է։ Այս մասին այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը` պատասխանելով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին։
«Իրավիճակը կառավարելի է, հակառակ դեպքում ես այսօր չէի գա, կզբաղվեինք այդ գործով»,– վստահեցրեց Երիցյանը։
Այդուհանդերձ, ԿԲ նախագահի տեղակալը չհերքեց, որ դոլարը շարունակում է արժևորվել, ինչն է իր հերթին հանգեցնում է գնաճի։
«Բնականաբար, կան նաև համաշխարհային զարգացումներ. դոլարն արժևորվում է աշխարհի բոլոր վալյուտաների նկատմամբ։ Կան դրսից եկող գնաճային տարբեր ճնշումներ և այլն»,– ասաց Երիցյանը։
Հիշեցնենք` մարտի 16-ին ՀՀ Կենտրոնական բանկը որոշել էր պահպանել վերաֆինանսավորման գործող 5.5% տոկոսադրույքը: ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այդ որոշումը մեկնաբանել էր նրանով, որ դեկտեմբերին գնաճի և գնաճային սպասումների արագացման պայմաններում որոշվել էր էականորեն խստացնել դրամավարկային պայմանները:
Բայց պահանջարկի պահպանվող թույլ միջավայրի պարագայում ԿԲ–ն նպատակահարմար էր գտել դեկտեմբերին սահմանված 5.5% տոկոսադրույքը թողնել անփոփոխ։
ԿԲ խորհրդի կանխատեսմամբ` վարվող դրամավարկային քաղաքականությունն ի զորու է լինելու զսպելու գնաճային ռիսկերը՝ միաժամանակ չվնասելով ներքին պահանջարկի վերականգնմանը:
Կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճը կկայունանա ու տարեվերջին կկազմի նպատակային 4 տոկոս:
2021թ-ի փետրվարին արձանագրվել է 0.6 տոկոս գնաճ՝ 2020թ-ի փետրվարի 0.2 տոկոս գնանկման դիմաց: Արդյունքում 1 տարվա գնաճը փետրվարին հավասարվել է 5.3 տոկոսի:
Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը