Դավիթ Բեկ–Շուռնուխ ճանապարհին ադրբեջանցիները քարեր են նետել հայերի մեքենայի վրա

Կապանի քաղաքապետը տեղեկացրեց, որ ռուս սահմանապահները տեղեկացված են, և համապատասխան գործողություններ կատարել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Կապան-Երևան ճանապարհին՝ Դավիթ Բեկից–Շուռնուխ գնացող հատվածում, ադրբեջանցիները քարեր են նետել հայկական համարանիշով մեքենայի ուղղությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը` հավելելով, որ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 4–ին, ժամը 16–17 –ի մոտակայքում։

Ռոբերտ Քոչարյանն ասել է` ինչպես կարող էր լուծվել Արցախի հարցը

«Դեպքը տեղի է ունեցել այն հատվածում, որը որ գտնվում է ռուս սահմանապահների վերահսկողության տակ։ Դիրքավորված հատվածից ադրբեջանցիները քար են նետել ճանապարհի ուղղությամբ՝ մեքենայի վրա»,-ասաց Փարսյանը։

Նա տեղեկացրեց, որ ռուս սահմանապահները տեղեկացված են, և համապատասխան գործողություններ կատարել են։

Փարսյանը պատմեց, որ քարը չի դիպել մեքենային, մեքենան չի վնասվել, բայց ուղևորները վախեցել են։

Կապանի քաղաքապետի խոսքով` այս  ճանապարհահատվածում սա նման առաջին դեպքն է։

Նշենք, որ ապրիլի 5–ին ադրբեջանցի զինվորականները հայտնվել են Շուշիի մերձակայքում, հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքում` դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհին տեղադրված տանկ–հուշարձանի մոտ: Ադրբեջանցի չորս զինվորականները հասել են մայրուղու հարակից հատվածում տեղադրված տանկի մոտ, գրություններ թողել հուշարձանի ցուցանակի վրա ու հեռացել: