Արցախի նախագահի մոտ խորհրդակցություն է անցկացվել. ի՞նչ հարցեր են քննարկվել

Քննարկվել են նաև ռազմական գործողությունների հետևանքով մերձճակատային գոտում հայտնված բնակավայրերի և ճանապարհների անվտանգությանն առնչվող հարցեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ ապրիլի 5-ին տեղի է ունեցել Արցախի ներքին անվտանգության ապահովման որոշ հարցերի շուրջ խորհրդակցություն՝ իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ:

Հուսով ենք` ռուսական կողմը պատշաճ կարձագանքի կատարվածին. Արցախի նախագահի խոսնակ

Քննարկվել են Արցախում հասարակական կարգի պահպանմանը, հանցագործությունների կանխարգելմանը, իրավապահների կողմից հանրային հնչեղության ստացած հարցերին արագ և արդյունավետ արձագանքելու հետ կապված հարցեր:

«Վերջին ամիսներին Հանրապետությունում գրանցված ինքնասպանությունների և զենքի կիրառմամբ կատարված որոշ հանցագործությունների դեպքերի առնչությամբ զեկուցումներով հանդես են եկել իրավապահ մարմինների ղեկավարները: Հանրապետության նախագահը իրավապահներից պահանջել է գործել թափանցիկ և օպերատիվ՝ հավատարիմ մնալով օրենքի տառին և բարձրացնելով ներքին կարգուկանոնի ապահովման աշխատանքների արդյունավետությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Քննարկվել են նաև ռազմական գործողությունների հետևանքով մերձճակատային գոտում հայտնված բնակավայրերի և ճանապարհների անվտանգությանն առնչվող հարցեր: Հանրապետության նախագահի հանձնարարականով, անվտանգության նկատառումներից ելնելով, սկսվել են ինչպես այդ բնակավայրերի, այնպես էլ ներհանրապետական կարևոր մայրուղիների գիշերային լուսավորության համակարգերի ներդրման աշխատանքները։

Արցախում ռուս խաղաղապահները Հաղթանակի օրվան ընդառաջ ակցիա են նախաձեռնել