Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ`Ադրբեջանը շարունակելու է նման ոտնձգություններ անել սահմանի տարբեր ուղղություններով, քանի որ առաջին հերթին քաղաքական արժանի պատասխան չի ստանում Հայաստանի գործող իշխանությունների կողմից, որոնք առհասարակ փորձում են ցույց տալ, թե ոչինչ տեղի չի ունեցել։
«Ադրբեջանցի սադրիչները հայտնվել են այն հատվածում, որտեղից արդեն սկսվում են հայկական դիրքերը, այսինքն` նրանց խնդիրը ոչ միայն ռուս խաղաղապահների հենակետի շրջանցումն էր, այլև հայկական դիրքերին ընդհուպ մոտենալը։ Ստեղծված իրավիճակում ադրբեջանցիների սադրանքը կարող էր վերաճել մեծ միջադեպի»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավարը։
Աբրահամյանի համոզմամբ`ադրբեջանցիների սադրանքներն ուղղված են ռուս խաղաղապահների և ՌԴ–ի դեմ, և այդ սադրանքներում կա քաղաքական բաղադրիչ. այս փուլում դրանք ուղղված են լինելու ռուսական կողմի հեղինակազրկմանը` ցույց տալու համար, որ Ռուսաստանն իր առաքելությունը Արցախում տապալել է, ինչը հետագայում հիմք է հանդիսանալու, որպեսզի պահանջ դրվի չեղարկել կամ չերկարաձգել խաղաղապահների գործունեության ժամկետը։
«Եթե ռուս խաղաղապահները որևէ պայմանով դուրս գան Արցախից, ապա դա, ինչ–խոսք, առաջին հերթին Թուրքիայի համար կբացի առաջխաղացման հնարավորություն, բայց նախևառաջ դա ռազմական գործողությունների վերսկսման ուղիղ վտանգ է պարունակում։ Ռուսաստանի դեմ և նրա հեղինակազրկմանն ուղղված ցանկացած սադրանք տարածաշրջանում ստեղծելու է պատերազմի սպառնալիք»,– ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավարը։
Աբրահամյանի կարծիքով` եթե Հայաստանի այսօրվա իշխանությունը վերջնականապես չի փակել արցախյան էջը, ապա ՀՀ ԱԳՆ–ն մի շարք անելիքներ ունի, մինչդեռ մեր իշխանության շատ ներկայացուցիչներ փորձում են խուսափել սադրանքներին գնահատական տալու թեմայից, ավելին, ըստ Աբրահամյանի, այնպիսի տպավորություն է, որ չեն ցանկանում նեղացնել Ադրբեջանին։
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականներն այսօր հերթական սադրանք էին իրականացրել Արցախում։ Նրանք, շրջանցելով ռուս խաղաղապահների` Շուշիի մոտ տեղակայված դիրքը, զարտուղի ճանապարհներով հասել էին հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքում տեղադրված տանկ–հուշարձանին:
Ինչպես հայտնել էր Wargonzo Telegram-ալիքը, ադրբեջանցի չորս զինվորականները հուշարձանի ցուցանակի վրա գրություններ էին արել ու հեռացել:
Ադրբեջանցիները «դաբրո չեն տալիս»` գնանք, կովերին գտնենք. Շուռնուխից 6 անասուն է անհետացել
Հիշեցնենք նաև, որ արցախյան ազատամարտին ու 1992թ–ի Շուշիի ազատագրմանը մասնակցած և մայիսի 8-ին առաջինը բերդաքաղաք մտած հայկական տանկը դարձել էր Շուշիի ազատագրման խորհրդանշական հուշարձանը։