Ադրբեջանցիները Ստեփանակերտում գրասենյակ կարող են փնտրել միայն քարտեզի վրա. Ավանեսյան

Այսպես կոչված՝ Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևը հայտարարել էր, թե իբր նա Ստեփանակերտում գրասենյակի տեղ է փնտրում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik․ Ադրբեջանցիները կարող են Ստեփանակերտում գրասենյակի տեղ փնտրել միայն քարտեզի վրա, սակայն ոչ իրական կյանքում: Այս մասին հայտարարել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը «Արցախպրես»-ին։

Հուսով ենք` ռուսական կողմը պատշաճ կարձագանքի կատարվածին. Արցախի նախագահի խոսնակ

Ավելի վաղ, այսպես կոչված, Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևը հայտարարել էր, թե իբր նա Ստեփանակերտում գրասենյակի տեղ է փնտրում:

«Դա ադրբեջանական կողմի հերթական հիվանդագին ցանկությունն է, որը ներկայացնում են որպես իրականություն: Այսպիսի էժանագին տեղեկատվական սպեկուլյացիաներով նրանք նպատակ ունեն իրենց հասարակությանը պահելու մոլորության մեջ և նյարդայնացնելու հայ հասարակությանը»,- նշել է Լուսինե Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ ադրբեջանցիները չեն կարող ոչ միայն գրասենյակ ունենալ Ստեփանակերտում, այլ նույնիսկ այցելել Ստեփանակերտ:

Ավանեսյանը հավելել է, որ երազանքներով տարվելու փոխարեն Ադրբեջանում թող մտածեն բռնազավթված տարածքների վերադարձի մասին, որպեսզի հնարավոր լինի խոսել հակամարտության կարգավորման իրական հեռանկարների վերաբերյալ։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Արցախի նախագահի մոտ խորհրդակցություն է անցկացվել. ի՞նչ հարցեր են քննարկվել

Եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանին են անցել Քելբաջարը, Աղդամի շրջանը, Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ։

Ադրբեջանը բռնազավթել է նաև Շուշին ու Հադրութը։