Թուրքական լոլիկի փոխարեն՝ իրանական․ գյուղացիներն օգնություն են խնդրում իշխանությունից

Թուրքական բանջարեղենի փոխարեն մեծ ծավալով իրանական բանջարեղեն է սկսել մատակարարվել Հայաստան։ Այն շուկայում ավելի էժան է վաճառվում, քանի որ աճեցվում է Իրանի հարավային շրջաններում՝ առանց ջերմոցների ու գազի (ի տարբերութուն հայկականի)։
Sputnik

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Հայաստան թուրքական լոլիկ այլևս չի ներմուծվում, դրա փոխարեն հանրապետություն ակտիվորեն սկսել են լոլիկ մատակարարել Իրանից։

2021 թվականի հունվարի 1-ից թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան արգելվել է։ Շուկայի մասնակիցների խոսքով` իրենք տեղեկություն չունեն, որ թուրքական ջերմոցային բանջարեղենը ներմուծվում է ապօրինի ճանապարհով։

«Մենք նման տեղեկություն չունենք, նման որևէ բանի մասին չեմ լսել։ Նույնիսկ եթե այդ լոլիկները ձևակերպեն որպես ոչ թուրքական, այլ ասենք, վրացական, ապրանքի ծագումը միևնույնն է` շատ հեշտ է պարզել։ Այդ մասին գիտեն և՛ մաքսային ծառայության աշխատակիցները, և բուսասանիտարական վերահսկողություն իրականացնողները», - Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը։

Ամռանը հայկական միրգն ու բանջարեղենը բավականին էժան է, որպեսզի մրցի ներմուծածի հետ։ Սակայն գարնանը մրցակցությունը սրվում է։ Այդ ժամանակահատվածում շուկայում վաճառվում է ոչ թե դաշտային, այլ ջերմոցային բանջարեղեն։ Իսկ Թուրքիայում և Իրանում դրանք աճեցնելն ավելի էժան է, քանի որ այդ երկրների հարավային շրջաններում նույնիսկ ձմռանը կարելի է բանջարեղեն աճեցնել դաշտերում, առանց ջերմոցների և ջեռուցման ծախսերի։

«Ռոսսելխոզնադզորը» վերացնում է լոլիկի ներկրման սահմանափակումները ՀՀ–ի 13 ընկերության համար

Նախկինում թուրքական ջերմոցային բանջարեղենը «գցում» էր հայկականի գինը (առավել ևս, որ ներկրողերը միշտ չէ, որ վճարում էին սահմանված մաքսատուրքերը)։ Այժմ դրա տեղը սկսում է զբաղեցնել իրանական բանջարեղենը։ Բոլոր տուրքերը վճարվում են, սակայն նույնիսկ այդ պարագայում դրանք այնքան էժան են, որ բոլոր վճարներով ու տեղափոխման ծախսերով հանդերձ, տեղականից 30-40% էժան են ստացվում։

Մեղրիում՝ Հայաստան մուտք գործելիս, իրանական լոլիկի 1 կիլոգրամը կարող է մոտ 200 դրամ արժենալ, ինչն անհավանական էժան է հայկական ջերմոցային բանջարեղենի համար։ Նույնիսկ մաքսատուրքերն ու տեղափոխման ծախսերը վճարելով՝ մեծածախ վաճառքի շուկաներում դրանց գինը մոտ 400 դրամ է։ Ընդ որում, դրանց որակը ևս չի զիջում։

«Մեյմանդարի շուկայում (Հովտաշատ գյուղ, – խմբ․) դրանք այդքան արժեն։ Մեր գյուղացին նման գին պարզապես չի կարող ստանալ։ Ստիպված էժանացնում են ապրանքը, իսկ այդ պարագայում գազի պարտքերը մարելը դժվարանում է», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ջերմատնային ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը։

Նույնիսկ գազի իջեցված սակագինը, որից օգտվում են ջերմոցատերերը, նրանց թույլ չի տալիս ազատ մրցակցել իրանական ներմուծման հետ, հավելեց նա։

Իսկ նրանց համար մեկ է․ թուրքական լոլիկն առաջվա պես գալիս է Հայաստանի մեծածախ շուկաներ

Արդյունքում ջերմոցային խոշոր տնտեսություններն ավելի թանկ լոլիկը Ռուսաստան են ուղարկում, իսկ միջինն ու էժանները` վաճառում Հայաստանում, ու այդպիսի բերքը ստիպված պետք է մրցակցի ներմուծածի հետ։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ լոլիկ եք ուտում

Հայաստանի մասշտաբով ներմուծվող բանջարեղենի ծավալներն այդքան էլ քիչ չեն․ հունվար-փետրվարին հանրապետություն շուրջ 200 տոննա լոլիկ է ներկրվել, վարունգ՝ 400 տոննայից մի փոքր ավել, սմբուկ և պղպեղ՝ ևս մի քանի տասնյակ տոննա։ Ավելին, ներկրվող բանջարեղենը «գցում» է տեղական ջերմոցային բանջարեղենի գինը շուկայում և տեղի ջերմոցատերերին ստիպում աշխատել նվազագույն եկամտով կամ էլ ընդհանրապես եկամուտ չունենալ։

Ջերմատնային ասոցիացիան և Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը աջակցության գրավոր խնդրանքով որոշել են դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։ 

«Մեր նպատակը տեղի գյուղացիներին պաշտպանելն է։ Վտանգ կա, որ նման բարդ պայմաններում գյուղատնտեսությամբ զբաղվելը կարող է շահավետ չլինել, և ջերմոցները կսկսեն փակվել։ Բայց չէ՞ որ դրանք աշխատատեղեր են ստեղծում և՛ նույն գյուղացու, և՛ շատ դեպքերում` նրանց համագյուղացիների, նրանց հարևանների համար։ Ի վերջո, դա պարենամթերքի սեփական արտադրություն է։ Որքան այն քիչ է, այնքան պակաս ինքնաբավ է երկիրը, և մենք ենք խոցելի», - Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ՀՀ ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Հասմիկ Ջհանգիրյանը։

Նախարարի անունով նամակը մտադիր են ուղարկել առաջիկայում։

Հայկական հեղափոխությունը կհասնի կովերին ու լոլիկներին. գյուղացին պետք է իմանա իր պլանները