Մակունցը հայտնել է՝ երբ Փաշինյանը հրաժարական կտա

Հայտնի է նաև, թե երբ «Քաղաքացիական պայմանագիրը» նախընտրական ցուցակ կկազմի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. «Քաղաքացիական պայմանագիրը» մայիսից շուտ նախընտրական ցուցակ չի կազմելու։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` անդրադառնալով հունիսի 20-ին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

ԼՀԿ–ն ընտրությունների ցուցակ չի կազմում. Անի Սամսոնյանն ասաց` ինչին են սպասում

«Ինձ համար առնվազն ակնհայտ է՝ ով է լինելու ցուցակի առաջին համարը, սակայն վերջնական որոշումը կայացնելու է ՔՊ–ն։ Իսկ ցուցակի ընդհանուր կազմին մայիսից շուտ չենք անդրադառնալու, այսինքն` անդրադառնալու ենք այդ ժամանակ, երբ նաև մեխանիզմը կմշակենք, թե ինչ սկզբունքով է ձևավորվելու ցանկը»,–ասաց Մակունցը։

Նրա խոսքով` չի բացառվում նաև, որ նոր անուններ կլինեն ցուցակում։

Անդրադառնալով իրենց շանսերին` Մակունցը նշեց, որ իրենց վարկանիշը բարձր է, սակայն ամեն ինչ կերևա ընտրությունների արդյունքներով։

Հարցին, թե վարչապետի հրաժարականի օրը որոշվա՞ծ է` Մակունցը պատասխանեց, թե դեռ ոչ, սակայն դա ապրիլի վերջին կլինի, չնայած այդ թեմայով քննարկում չի եղել։

Հիշեցնենք, որ 2021-ի մարտի 18–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաձայնության է եկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։

«Եթե Քոչարյանը մասնակցի ընտրություններին, կաջակցեմ իրեն». Սեյրան Օհանյան

Դրանից հետո իշխող ուժը հայտարարեց, որ ցանկանում է խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացնել նոր ընտրական օրենսգրքով` համամասնական ընտրակարգով։

Նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, որն իր վերջին լիագումար նիստում որոշում է կայացրել հրատապ ընթացակարգով քննարկել այն։ ԱԺ–ն, սակայն, ապրիլի 1-ին հաստատեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը։