ՌԱԴԻՈ

Ինչպե՞ս «պայքարել» իրանական էժան լոլիկի դեմ. Պողոս Գևորգյանը մանրամասնում է

Ջերմատնային ասոցիացիայի գործադիր տնօրեն Պողոս Գևորգյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է թուրքական բանջարեղենի փոխարեն մեծ ծավալով իրանական բանջարեղեն Հայաստան մատակարարելու խնդրին, ինչն առաջացրել է հայ գյուղացիների դժգոհությունը։ 
Sputnik
Ինչպե՞ս «պայքարել» իրանական էժան լոլիկի դեմ. Պողոս Գևորգյանը մանրամասնում է

Պողոս Գևորգյանի դիտարկմամբ` իրանական լոլիկի էժան ներկրումը փաստի առջև է կանգնեցրել հայ գյուղացիներին։ Խնդիրն այն է, որ գյուղմթերքն Իրանից ներմուծվում է բավական էժան գնով և հայաստանյան մեծածախ շուկաներում, օրինակ, մեկ կիլոգրամ լոլիկը վաճառվում է 400 դրամով։ Ջերմատներ ունեցող տեղաբնակ ֆերմերներն անհանգստացած են՝ ինչպե՞ս են փակելու իրենց ծախսերը, ինչպե՞ս են վճարելու գազի մատակարարաման դիմաց, ինչպե՞ս են մարելու գյուղատնտեսական վարկերի տոկոսներն ու մայր գումարները, եթե ներկրվող էժան մթերքի պատճառով իրենք մրցունակ չլինեն ու եկամուտ չունենան։ 

Թուրքական լոլիկի փոխարեն՝ իրանական․ գյուղացիներն օգնություն են խնդրում իշխանությունից

«Մինչև մաքսատուրքերը չբարձրացնեն, հարցը չի լուծվի, և արտերկրից էժան մատակարարումները կշարունակվեն։ Ընդ որում` այնպիսի մեծ քանակությամբ են ներկրում, որ մեր գյուղացիներն իրենց ապրանքը չեն կարողանում շուկայում իրացնել։ Իրանից բանջարեղենի ներկրումները սկսվել են անցյալ ամսից։ Օրինակ` նախանցյալ շաբաթ հայկական շուկաներում այնքան լոլիկ կար, որ եթե երկու շաբաթ չբերեին, մեզ մոտ լոլիկը չէր վերջանա»,– նշեց Ջերմատնային ասոցիացիայի գործադիր տնօրենը։

Գևորգյանի փոխանցմամբ` ասոցիացիան պատրաստվում է նամակով դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, որում կնշեն գյուղացիներին անհանգստացնող խնդիրները։ Ֆերմերներն ըստ էության դեմ չեն գյուղմթերքի ներկրմանը, պարզապես պետք է հայաստանյան արտադրողների համար ստեղծվեն հավասար պայմաններ։ Իրանում գազն ավելի էժան է, քան Հայաստանում, ուստի այստեղ էլ պետք է սակագինը իջնի, մինչդեռ հայ ֆերմերները վերջին շրջանում թանկացած գազի դիմաց են վճարում, այն էլ՝ արտարժույթով։

«Ջերմատներին վերաբերող նոր ծրագրով կառավարությունը դրանց զարգացումը խթանելու նպատակով վարկերը հատկացնում է զրոյական տոկոսով կամ տալիս է փոխառություններ, ուստի մեծ թվով երիտասարդներ ցանկանում էին ջերմատներ կառուցել, սակայն տեսնելով առկա վիճակը` հրաժարվել են նախնական նպատակներից։ Արցախյան պատերազմից առաջ ունեինք հինգ պատվիրատու, բայց նրանք նույնպես հետ կանգնեցին նախնական ծրագրերից»,– նշեց Ջերմատնային ասոցիացիայի գործադիր տնօրենը։

Գևորգյանի դիտարկմամբ` եթե տարանցիկ ճանապարհները ապաշրջափակվեն, ներկրվող գյուղմթերքների զգալի մասը, եթե ոչ կեսը, կմնա Հայաստանում, ինչը նույնպես կհարվածի տեղական արտադրողների գործունեությանը, ովքեր ջերմատները չեն փակում զուտ այն պատճառով, որովհետև այդ դեպքում տնտեսությունները պարզապես կփլուզվեն։

Գևորգյանը տեղեկացրեց, որ տևական ժամանակ պայքարում են գազի սակագնի իջեցման համար, սակայն ապարդյուն, և միայն Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ժամանակ հնարավոր եղավ սակագինը նվազեցնել։ Ըստ նրա` «Գազպրոմն» այնքան հզոր է, որ ոչ մի կառավարություն ոչինչ չի կարողանում անել։ 

Թուրքիայի և ԵԱՏՄ–ի միջև առևտուրը չի խանգարի Հայաստանին ու Ղրղզստանին. Գլազև

Տեղեկացնենք, որ Հայաստանի մասշտաբով ներմուծվող բանջարեղենի ծավալներն այդքան էլ քիչ չեն․ հունվար-փետրվարին հանրապետություն շուրջ 200 տոննա լոլիկ է ներկրվել, վարունգ՝ 400 տոննայից մի փոքր ավելի, սմբուկ և պղպեղ՝ ևս մի քանի տասնյակ տոննա։ Ավելին, ներկրվող բանջարեղենը գցում է տեղական ջերմոցային բանջարեղենի գինը շուկայում և տեղի ջերմոցատերերին ստիպում աշխատել նվազագույն եկամտով կամ էլ ընդհանրապես եկամուտ չունենալ։