Բարձրագույն կրթության մասին օրենքը գիտությունը թուլացնելու նպատակ ունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը։
Նրա խոսքով` եթե ինչ-որ խումբ եկել և ուզում է նոր օրենք մշակել, գիտությունը զարգացնել, նախևառաջ պետք է հաշվի առնի գիտնականների կարծիքը. որքան էլ նախագծի հեղինակները խելացի լինեն, որքան էլ օտար երկրների փորձն ուսումնասիրեն, միևնույնն է`պետք է ոլորտի ներկայացուցիչներին էլ լսեն, գուցե օտար երկրների համար «օգտակար իրողությունները» մեր երկրի համար այդքան էլ օգտակար չեն։
«Ստացվում է, որ ակադեմիկոսները, թղթակից անդամները, դոկտորները, պրոֆեսորները, ինչու չէ նաև թեկնածուները շատ ավելի քիչ են հասկանում գիտության զարգացման ուղիներից, քան ինչ-որ մարդիկ, որոնք եկել, նստել ու օրենքներ են գրում»,- ասաց նա։
Կատվալյանի դիտարկմամբ` նոր օրենքով ակադեմիկոսները գիտությամբ զբաղվելու փոխարեն վերածվում են խորհրդատուների։ Ստացվում է` ակադեմիայի նախագահությունը կտրվում է ամեն ինչից։ Կատվալյանին նաև անհանգստացնում է այն, որ փոփոխությունների հետևանքով խզվում է կապը ակադեմիայի նախագահության ու գիտահետազոտական ինստիտուտների միջև, ինչը բացարձակ անընդունելի է և անհասկանալի։
«Կարծում եմ, որ ակադեմիան տասնամյակներ շարունակ իրեն արդարացրած հաստատություն է, և կարևոր է, որ ակադեմիական հաստատությունները փոխկապակցված են իրար հետ։ Չգիտես, թե ինչու հիմա որոշել են բաժանել այդ ինստիտուտները»,- նշեց նա։
Լեզվի ինստիտուտի տնօրենի կարծիքով` մթության ու անորոշության մեջ հայտնված գիտելիքի ու կրթության թունելի վերջում լույսը չի նշմարվում, միակ հույսը մնում է ՀՀ նախագահը, որ չստորագրի այդ օրենքը։
Հիշեցնենք` մարտի 24-ին ԱԺ–ն ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» աղմկահարույց օրենքի նախագիծը, որը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ չի ստորագրել։
Գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանն այսօր հայտարարություն են տարածել` նշելով, որ ԱԺ–ի ընդունած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ հակասում են Սահմանադրությանը։ Երկու հեղինակավոր կառույցները կոչ են արել ՀՀ նախագահին չստորագրել օրենքը։
Համաձայն օրենքի` բուհի ռեկտորը պետք է ընտրվի համալսարանի կառավարման խորհրդում և հրամանագրվի լիազոր մարմնի ղեկավարի կողմից:
Հանվում է նաև հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնն անընդմեջ 2-ից ավելի անգամ զբաղեցնելու սահմանափակումը:
Դրանից բացի, բուհի ռեկտորի, ամբիոնի վարիչների և դեկանների պաշտոնները վարչականից դառնում են ակադեմիական:
Բուհերի կառավարման խորհրդի կազմը սահմանափակվում է 9 անդամով: Անդամներից 5-ին նշանակելու է պետական լիազոր մարմինը, իսկ 4-ը կլինեն բուհից: Արգելվելու է պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունը:
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» աղմկահարույց օրենքն ունի բազմաթիվ խութեր