Եթե ինձ հարցնեք, ես երկու ձեռքով ռեյտինգայինի կողմնակից եմ, բայց մի վերապահումով. միանշանակ կողմ եմ ինձ համար անչափ գրավիչ այն ռեյտինգայինին, որը գործում էր Բուլղարիայում ավելի քան 100 տարի առաջ և կոչվում էր բացասական նախապատվություն։ Հիմա միանգամից կհարցնեք՝ լավ, ի՞նչ դրական բան կարող է լինել բացասականի մեջ։ Իսկ ես կհակադարձեմ՝ երբեմն բացասականը շատ էլ դրական է թե′ խորհրդարանի, թե′ երկրի համար ընդհանրապես։
Որն է բացասական նախապատվության առանձնահատկությունը։ Շատ կարճ էսպես ձևակերպեմ՝ եթե դրական ռեյտինգայինի դեպքում դուք քվեարկում եք այն բանի օգտին, որպեսզի ձեր սիրած թեկնածուն հայտնվի Ազգային ժողովում, ապա բացասականի դեպքում ճիշտ հակառակը՝ քվեաթերթիկում նշում եք այն մարդու անունը, որին երբե′ք, երբե′ք չեք ցանկանա տեսնել պառլամենտի դահլիճում։ Ու եթե ձեր ընտրատեղամասում ընտրողների կեսից ավելին է բացասական գնահատական տալիս, այդ մարդը, եթե նույնիսկ իրենց կուսակցության ցուցակում առաջինն է, հայտնվում է այդ ցուցակի ամենավերջում, և պատգամավոր դառնալու նրա շանսերը, ինչպես հասկանում եք, հավասարվում են զրոյի։
Ինչու է բացասական քվեարկությունն ինձ համար շատ ավելի հոգեհարազատ, քան դրականը։ Չեմ էլ թաքցնի՝ որովհետև մինչև հիմա չեմ կողմնորոշվել, թե ում օգտին կարելի է քվեարկել առաջիկա արտահերթ ընտրություններում, բայց շատ հստակ կարող եմ ասել, թե ում ոչ մի դեպքում չէի ցանկանա տեսնել ապագա խորհրդարանում՝ ինձ համար անընդունելի նրանց պահվածքի, գաղափարների, հայտարարությունների և քվեարկությունների պատճառով։ Էնքան շատ են։ Ուզո՞ւմ եք՝ մեկ առ մեկ անուններն ասեմ։ Չէ′, լա′վ, չեմ թվարկի, որովհետև կմեղադրեք՝ դեռ ընտրարշավը չսկսված՝ դու արդեն հակաքարոզչություն ես սկսել ոմանց դեմ։ Թեև որոշ քաղաքական ուժեր և գործիչներ վաղուց արդեն մեծ թափով նախընտրական արշավ են ծավալել հատկապես գյուղերում։
Հայտնի է` ինչ ձևաչափով Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին
Բայց վերադառնանք Բուլղարիային, որտեղ երեկ խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան։ Չեմ ուզում անդրադառնալ արդյունքներին, մանավանդ որ դրանք հայաստանցիների գերակշիռ մասին հաստատ չեն էլ հետաքրքրում։ Պարզապես հենց երեկ «Լը Մոնդ» ֆրանսիական թերթում կարդացի մի հոդված, որի հեղինակը մանրամասն պատմում է, թե ինչպես են բուլղարացիները վաճառում իրենց ձայները։ Համաձայնեք՝ Հայաստանում այս թեման միշտ էլ հրատապ է եղել։ Ու բոլոր իշխանությունների արձագանքն էլ միշտ նույնն է եղել՝ ապացուցե′ք։ Չե՞ք կարողանում ապացուցել, որ ընտրողներին կաշառել են, ուրեմն ոչ մի կաշառք էլ չի եղել։ Ավելին, եթե շարունակեք ձեր անհեթեթ պնդումները, դատարան կդիմենք զրպարտության մեղադրանքով՝ 6 միլիոն դրամ տուգանք կվճարեք։
Բուլղարացի վերլուծաբան Նիկոլա Տուլեչկին քրեական մեղադրանքներից զերծ է մնում, հրաշալի իմանալով՝ կաշառքը, այդ թվում նաև ընտրակաշառքը ամենադժվար ապացուցվող հանցագործություններից է։ Նա պարզապես հանում է ինտերներից անցած ընտրությունների պաշտոնական արդյունքները և համեմատում։ Այն, ինչ պարզել է, ոչ թե չափազանց հետաքրքիր է, այլ պարզապես ֆանտաստիկ։
«Բուկովլակ բնակավայրի տվյալները նայեք»,- խորհուրդ է տալիս վերլուծաբանն ու մանրամասնում,- «2014 թվականին այդ գյուղի ընտրողների գերակշիռ մեծամասնությունը քվեարկել է «Հանուն իրավունքի և ազատության շարժում» կուսակցության օգտին, ընդամենը երեք տարի անց գյուղի գրեթե բոլոր բնակիչները իրենց ձայնը տվել են ԳԵՐԲ պահպանողական կուսակցությանը։ Զարմանալի՞ չէ։ Էդ դեպքում մեկ այլ անբացատրելի օրինակ,- ասում է բուլղարացի վերլուծաբանը և փաստում,- «Դանուբ գետի ափին գտնվող մեկ այլ բնակավայրում՝ Դոլնի Ցիբարում, 2014 թվականին քվեարկել է ընտրողների ընդամենը 1 տոկոսը, այսինքն, գրեթե ոչ ոք չի գնացել ընտրատեղամաս, իսկ երեք տարի անց այդ նույն գյուղում մասնակցությունը կազմել է, չե′ք հավատա, 62 տոկոս, ինչը զգալիորեն բարձր է, քան ամբողջ Բուլղարիայում։ Եվ իշխող ԳԵՐԲ-ը ստացել է 55 տոկոս քվե»։
Միանգամից հիշեցի նման մի անոմալ երևույթ հայաստանյան նախագահական ընտրություններից մեկի ժամանակ, երբ մի գյուղում թեկնածուի օգտին քվեարկել էր ընդամենը 6 մարդ, այնինչ հարևան գյուղի բնակիչների 65 տոկոսն էր նախապատվությունը տվել այդ նույն թեկնածուին։
«Դե ինչ արած՝ մի գյուղում մեր թեկնածուին սիրում են, մյուսում չեն սիրում», - բացատրում էին թեկնածուի մերձավորները, չկարողանալով թաքցնել ժպիտը։ Ախր իրենք էլ էին իրենց ասածի վրա ծիծաղում։