Ճանապարհը բաց է, բայց հերթը չի պակասում․ ինչո՞ւ է Լարսում մի քանի հազար բեռնատար կուտակվել

ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային հարցերով կցորդ Արամ Թանանյանը պարզաբանել է, թե ինչու է Վերին Լարսի անցակետում հերթը պահպանվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. «Վերին Լարս» սահմանային անցակետի ճանապարհին ռուսական կողմից մի քանի հազար տրանսպորտային միջոց է կուտակվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մաքսային հարցերով կցորդ Արամ Թանանյանը։

Ինչպես կարելի է բեռնաթափել «Վերին Լարսը». ՌԴ դեսպանը խոսել է հնարավոր ելքի մասին

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը մեկ շաբաթից ավելի է, ինչ փակ է մեծ բեռնատարների համար՝ վատ եղանակի պատճառով: Արդեն մի քանի օր է՝ ճանապարհը բաց է, սակայն հսկիչ-անցագրային կետի մերձակայքում և տարածքում ռուսական կողմից երկար հերթեր են պահպանվում։

Թանանյանը նշեց, որ դա նորմալ երևույթ է, քանի որ ճանապարհը երկար ժամանակ փակ է եղել։

«Երեկվա տվյալներով՝ միան Կաբարդինո-Բալկարիայի տարածքում բեռնատարների մոտ հինգ կիլոմետրանոց հերթ է։ Մոտ 13 կմ հերթ է Օսեթիա մտնելու ճանապարհին, Վլադիկավկազում փակ բեռնատարների 10 կմ հերթ է»,-ասաց Թանանյանը։

Նրա խոսքով՝ Վերին Լարսի անցակետի շրջակայքում 4 կիլոմետրանոց հերթ է։ Բացի այդ, Մախաչկալայի շրջաններում մի քանի տասնյակ կիլոմետր հերթ է գոյացել։ Թանանյանն ընդգծեց, որ մոտ 100 մեքենան մոտ երկու կմ երկարությամբ հերթ են գոյացնում։ Հետևաբար, կուտակվել է մի քանի հազար տրանսպորտային միջոց, որոնք Վրաստան մտնելու համար իրենց հերթին են սպասում։

«Այս բոլոր բեռնատարները դեռ պետք է Ռուսաստանից Վրաստան մտնեն, բայց ամեն օր նրանց նոր մեքենաներ են միանում։ Դրանցից 10-15 տոկոսը հայկական բեռնատարներ են»,-ասաց Թանանյանը։

Ըստ նրա կանխատեսման՝ իրավիճակի կայունացման և երթևեկության կանոնակարգման համար մոտ 20 օր է անհրաժեշտ։

Երկաթուղային ապաշրջափակման դեպքում բեռնափոխադրումների 80 տոկոսը կանցնի Մեղրիով

Նա ընդգծեց, որ սահմանային անցակետն աշխատում է անդադար, ուժերի լարումով։ Միայն երեկ երկու կողմից անցակետն անցել է ավելի քան հազար տրանսպոտային միջոց․ 600-ը՝ Ռուսաստանից Վրաստան և գրեթե նույնքան էլ՝ հակառակ ուղղությամբ։

Թանանյանը նշեց, որ բացի կուտակվածներից, Ռուսաստան մտնող բեռնատարները շարունակական շարժման մեջ են և հետ են վերադառնում, այդ պատճառով էլ շարունակաբար փակ ճանապարհի պայմաններում այդպիսի հերթ է առաջանում։

Ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ գործող ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։