Արժանացել են «Արցախի հերոս» բարձրագույն կոչման՝ հետմահու

Նարեկ Հովհաննիսյանը ծնվել է 1992 թ.-ին, իսկ Թովմաս Թովմասյանը՝ 1983 թ.-ին: Երկուսն էլ հերոսաբար զոհվել են 2020 թ. նոյեմբերի 7-ին, Քարին տակ-Շուշի հատվածում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 2-ին ստորագրել է հրամանագրեր՝ ավագ լեյտենանտներ Նարեկ Վարուժանի Հովհաննիսյանին և Թովմաս Սեյրանի Թովմասյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում հետմահու շնորհելու մասին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Արժանացել են «Արցախի հերոս» բարձրագույն կոչման՝ հետմահու

Հրամանագրերի համաձայն՝ Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 3 հրաձգային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Նարեկ Հովհաննիսյանին և N զորամասի դիպուկահարների դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Թովմաս Թովմասյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում` հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշան։

Արժանացել են «Արցախի հերոս» բարձրագույն կոչման՝ հետմահու

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ Նարեկ Հովհաննիսյանն ու Թովմաս Թովմասյանն ակտիվ մասնակցություն են ունեցել ԱՀ պետական սահմանի մարտական դիրքերի պաշտպանությանը, դիվերսիոն-հետախուզական գործողություններ են իրականացրել հակառակորդի թիկունքում՝ հասցնելով նրան ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ:

Կոմանդոսին սպանեց Շուշին հանձնելու ցավը․ մարտական ընկերները՝ Արցախի լեգենդար հերոսի մասին

Պատերազմի ընթացքում ստեղծված հատուկ գրոհային խմբի կազմում նրանք պաշտպանական մարտեր են մղել ու մարտական գործողություններ են իրականացրել սկզբում յոթերորդ պաշտպանական շրջանում, այնուհետև՝ մի շարք այլ ուղղություններում, ներառյալ՝ Սղնախ, Քարին տակ գյուղերի ու Շուշիի մատույցներում:

Նարեկ Հովհաննիսյանն ու Թովմաս Թովմասյանը փայլուն կատարել են իրենց առջև դրված մարտական խնդիրները՝ մինչև կյանքի վերջին վայրկյանը անմնացորդ մարտնչելով բազմակի անգամ գերազանցող թշնամու ուժերի դեմ և երբևիցե չլքելով իրենց վստահված դիրքերը:

Նարեկ Հովհաննիսյանը ծնվել է 1992 թ.-ին, իսկ Թովմաս Թովմասյանը՝ 1983 թ.-ին: Երկուսն էլ հերոսաբար զոհվել են 2020 թ. նոյեմբերի 7-ին, Քարին տակ-Շուշի հատվածում:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։