Հայաստանի 4 մարզում դեռևս կա ականային վտանգ պարունակող 120 տարածք

Ճապոնիայի կառավարությանծրագրի շրջանակներում նախատեսվում են հաստատված վտանգավոր մարզերում կազմակերպել առաջին բուժօգնության և ականների վտանգի իրազեկման դասընթացներ, մասնագիտացված այցելություններ ականից տուժած անձանց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Փետրվարի 1–ի դրությամբ Հայաստանում դեռևս կա ականային վտանգ պարունակող 120 տարածք, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 17 636 470 քառակուսի մետր: Տեղեկությունը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական Կենտրոն» ՊՈԱԿ–ը հայտնում է Facebook–ի էջում։

Արցախում բրիտանական ականազերծող ընկերության լրտեսության մասին քրգործը վարույթ է ընդունվել

Նշվում է, որ ականներով ծանրաբեռնված մարզերն են Սյունիք, Տավուշ, Վայոց Ձոր, Գեղարքունիք։

««Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամ»-ի և Հայկական Կարմիր Խաչի ընկերության համագործակցության արդյունքում իրականացվում է «Պատերազմի պայթուցիկ մնացորդների և ականների վտանգի իրազեկման ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում» ծրագիրը։ Այս օրերին ականներով ծանրաբեռնված մարզերում աշակերտներին սովորեցնում են անվտանգ վարքագծի կանոնները»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ճապոնիայի կառավարության Grant Assistances for Grassroots Human Security Projects (GGP) ծրագրի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում նախատեսվում են հաստատված վտանգավոր մարզերում` հատկապես աշակերտների շրջանում, կազմակերպել առաջին բուժօգնության և ականների վտանգի իրազեկման դասընթացներ, մասնագիտացված այցելություններ ականից տուժած անձանց։ Իսկ ծրագրի շրջանակներում ձեռք բերվող հատուկ կահավորված շտապ օգնության մեքենան հնարավորություն կտա սահմանամերձ շրջանների երեխաներին ուսումնասիրել առաջին բուժօգնության ցուցաբերման ընթացակարգը։

«ՀԱԼՈ թրաստը» հերքում է, որ Թուրքիային է փոխանցել Արցախի ականադաշտերի քարտեզները

Մեկ տարի տևողությամբ այս ծրագրի շահառու կդառնան մոտ 40 000 անձինք։

Բոլոր աշխատանքների որակի վերահսկողությունն իրականացնում է «Հումանիտար Ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Հավելենք, որ ապրիլի 4-ը 2005 թվականից ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ հռչակվել է ականային վտանգի իրազեկման և ականազերծման գործունեության աջակցության միջազգային օր:

2014 թվականի ապրիլի 23-ին ՀԱՓԿ ՊՈԱԿ-ը ճանաչվեց ականազերծման գործողությունների ազգային մարմին:

Ականազերծումն Արցախում. մեկ օրում մաքրվել է 17 հա տարածք և 4 կմ ճանապարհ