Աղոթում եմ համերաշխության համար. պատրիարք Կիրիլը շնորհավորել է հայերին Զատկի տոնի առթիվ

Պատրիարք Կիրիլն իր ուղերձներում մաղթել է ուրախություն և Աստծո օգնությունը հետագա դժվարությունները հաղթահարելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Մոսկվայի և Համայն ռուսիո պատրիարք Կիրիլը շնորհավորել է Հայաստանի բարձրագույն քաղաքական ղեկավարությանը, ինչպես նաև հոգևոր առաջնորդներին Զատկի տոնի առթիվ: Տեղեկությունը հայտնում է Ռուս ուղղափառ եկեղեցու կայքը։

Պատրիարքը նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում նշել է, որ աղոթում է իր սիրելի Հայաստանի սրտում խաղաղության և համերաշխության շուտափույթ հաստատման համար:

«Աստծո որդու բերած փրկող զոհաբերությունը, նրա անսահման սերն ու ողորմածությունը մեզ զորություն են տալիս փորձություններն ու ճգնաժամերը հաղթահարելու համար: Թող որ մեր հավատքն ամուր լինի և Տիրոջ հետ մնալու ցանկությունը` անսասան»,- նշել է Կիրիլը։

«Միշտ ձեզ հետ պիտի լինեմ, մինչև աշխարհի վախճանը». Արամ Ա–ի ուղերձը Փաշինյանին

Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում պատրիարքը մաղթել է ուրախություն, առողջություն, Աստծո օգնություն և հաջողություն բոլոր բարի գործերում:

Մոսկվայի և Համայն ռուսիո պատրիարքը նաև շնորհավորանքներ է հղել Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ին:

«Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Զատկի տոնի առթիվ ... մաղթում եմ ձեզ ուրախություն և Ամենակարողի շռայլ օգնությունը հետագա պատասխանատու աշխատանքներում»,-նշել է նա:

Վրաստանի վարչապետը Զատկի տոնի առթիվ շնորհավորել է Հայ առաքելական եկեղեցու հետևորդներին

Հիշեցնենք` այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը։ Զատիկ` նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ առաքելական եկեղեցու հնագույն և գլխավոր տոնն է, հինգ տաղավար տոներից մեկը։

Զատիկը շարժական տոն է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածում։

Երևանում կանթեղներով երթ իրականացվեց` «Հարության ավետիս» խորագրով. տեսանյութ