ՌԴ դեսպանն ասել է` ինչ են քննարկել նախագահ Արմեն Սարգսյանի հետ

Ռուսաստանի հետ հարաբերություններում նոր ճանապարհային քարտեզ մշակելու վերաբերյալ Արմեն Սարգսյանի առաջարկը Կոպիրկինը ողջունում է, բայց մանրամասներին դեռ ծանոթ չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Հայաստանի նախագահի հետ հանդիպումներն ավանդական բնույթ են կրում։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՀՀ–ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին:

Նշենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի Արտակարգ և լիազոր դեսպանի հետ հանդիպել է ապրիլի 2-ին։

«Արդեն սովորել ենք մեղադրանքներին». ՌԴ դեսպանը` Արցախում «Իսկանդերի» կիրառման մասին

«Մեր քաղաքական երկխոսությունը չի կորցրել իր ինտենսիվությունը, և կարծում եմ՝ չի կորցնի տարբեր մակարդակներում։ Նախագահի հետ իմ հանդիպումն ավանդական է, մենք պարբերաբար հանդիպում ենք երկկողմ շփումների «ժամկետները ճշտելու», գնահատականներ փոխանակելու համար»,-ասել է Կոպիրկինը։

Նրա խոսքով՝ իր համար հետաքրքիր է իմանա, թե իրավիճակն ինչպես է գնահատում Հայաստանի նախագահը։

Կոպիրկինն անդրադարձել է նաև «Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր ճանապարհային քարտեզի մշակման անհրաժեշտության» մասին Սարգսյանի հայտարարությանը։

Դեսպանը նշել է, որ երկկողմ հարաբերությունների խորացմանն ու հետագայում նոր խնդիրներին հարմարվելուն միտված ցանկացած նախաձեռնություն միայն ողջունելի կարող է լինել:

«Ինձ համար դժվար է առավել մանրամասն խոսել, քանի որ ես ավելի մանրամասն տեղեկություններ չունեմ այն մասին, թե ինչ կարող է լինել այդ ճանապարհային քարտեզում։ Բայց ընդհանուր առմամբ՝ նմանատիպ նախաձեռնությունները միայն ողջունել կարելի է»,-նշեց Կոպիրկինը։

Ռուսաստանը կողմ է գերիների վերադարձի` «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին. Կոպիրկին

Նախորդ հարցազրույցի ընթացքում Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է արմատապես փոխի իր արտաքին քաղաքականության որակը, անհրաժեշտ է առաջին հերթին առաջնակարգ վերլուծական կենտրոններ ստեղծել, նորովի հարաբերություններ կառուցել ամենաբարեկամ երկրներից մեկի՝ Ռուսաստանի հետ։