ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նորից ընդգծում է՝ մեզ համար խաղաղությունը բարձրագույն արժեք է, բայց չպետք է թույլ տանք թմրեցնել մեզ ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նման գրառում է արել Facebook–ի իր էջում։
«Ադրբեջանական «խաղաղասիրական» ծրագրերը եղել են միջազգային հանրության համար նախատեսված շղարշ, բայց իրականում վարվել է Արցախի ու Հայաստանի բնակչության, ՀՀ քաղաքացու նկատմամբ ատելության ու թշնամանքի քաղաքականություն: Իրական պատրանք ապահովելու համար այդ ծրագրերին ներգրավվել են ինչ-որ փորձագետներ ու կոչել Track II Peacebuilding: Փորձագետները լցված են եղել նույնքան ատելությամբ ու թշնամանքով»,–գրել է նա։
Թաթոյանը որպես օրինակ է բերել 2016թ.-ին «Բաքու» կամ 2017թ.-ին «Բաքու-Թբիլիսի» պլատֆորմները: Նրա խոսքով` ադրբեջանական այդ «խաղաղասիրական» ծրագրերն իրական խաղաղության նպատակներ չեն ունեցել, դրանց միշտ նախորդել կամ հաջորդել են դաժանություններով ուղեկցվող պատերազմական գործողություններ:
ՄԻՊ-ն առաջարկում է սահմանազատում անելիս դիտարկել Հայաստանի 1–ին Հանրապետության քարտեզները
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը ՀՀ ՄԻՊ–ի հայտարարությունները «ցավով» է տանում. փետրվարին ՄԻՊ–ի դեմ ադրբեջանական ԶԼՄ–ներն արշավ էին սկսել` նրան մեղադրելով ադրբեջանաֆոբիա տարածելու մեջ` կեղծելով ու հետո շահարկելով պաշտպանի հայտարարությունները: