«Մարտի 1»-ի գործի «նոր սերիա» են պատրաստում. «Փաստ»

Գլխավոր դատախազը ցանկանում է Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքները վերաձևակերպելու, վերաորակելու և այլ հոդվածով մեղադրանք առաջադրելու հնարավորություն ստանալ ՍԴ-ի միջոցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Քաղաքական իշխանությունից հստակ հանձնարարական է իջեցվել ամեն ինչ անել, որպեսզի «Մարտի 1»-ի դատական գործում մեղադրանքի վերաորակում իրականացվի, և գործը կարճելու մասին խոսք անգամ չլինի։ Այս մասին իր այսօրվա համարում գրում է «Փաստ» թերթը։

«Եթե Քոչարյանը մասնակցի ընտրություններին, կաջակցեմ իրեն». Սեյրան Օհանյան

«Մեր աղբյուրների փոխանցմամբ` հարցի «կարգավորման» գործում ակտիվ ներգրավված է ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը: Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ վերաորակման թեզն ի սկզբանե ակտիվորեն շրջանառում էին, այսպես կոչված, սորոսականներն ու ընդհանրապես մշտապես արևմտյան ֆինանսավորում ստացող որոշ անհատներ, որոնք, իրար հերթ չտալով, չէին էլ թաքցնում իրենց կատաղությունը ՍԴ-ի որոշման հետ է կապված»,–գրված է թերթում։

Թերթը հիշեցնում է, որ ՍԴ-ի հայտնի որոշումից հետո, իրավական բոլոր նորմերով, հաջորդ գործընթացը պետք է լիներ առաջին ատյանի դատարանի կողմից քրեական հետապնդումը դադարեցնելը, սակայն, ինչպես տեսնում ենք, զարգացումներն այլ ուղղությամբ են ընթանում։

Նախ՝ դատախազներն առանց հիմնավորման բացակայեցին դատական նիստից, իսկ երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով դիմել է Սահմանադրական դատարան։ Փաստացի դատախազը ցանկանում է առաջադրված մեղադրանքները վերաձևակերպելու, վերաորակելու և այլ հոդվածով մեղադրանք առաջադրելու հնարավորություն ստանալ ՍԴ-ի միջոցով։ Սակայն, սահմանադրագետների կարծիքով, գլխավոր դատախազը դատական քննության փուլում իրավունք չուներ դիմել Սահմանադրական դատարան։

Մանրամասները կարդացեք «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Դատախազը պահանջում է վերաորակավորել Քոչարյանին ու Գևորգյանին առաջադրված մեղադրանքները

Հիշեցնենք՝ ՍԴ–ն մարտի 29-ին, հրապարակել է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին որոշումը, որից հետո այն արդեն օրինական ուժ է ստացել: Այդ հոդվածով ՀՀ երկրորդ նախագահը «Մարտի 1»-ի գործով մեղադրվում էր սահմանադրական կարգի տապալման համար:

Երեկ` ապրիլի 2-ին, դատախազությունը դիմել էր ՍԴ` Քոչարյանի գործով մի շարք հոդվածների Սահմանադրությանը համապատասխանելիության հարցը վիճարկելով։

«Մարտի 1»-ի գործով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը մեղադրվում են միայն 300.1 հոդվածով: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացի այդ հոդվածից մեղադրվում է նաև 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը), իսկ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, այս երկու հոդվածներից բացի, նաև՝ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը կամ փողերի լվացումը):

«Մարտի 1»-ի գործով դատախազը միջնորդում է կասեցնել քրեական գործի վարույթը