ՌԱԴԻՈ

Պայքարի ապակենտրոնացում կամ պատասխան Փաշինյանին. ինչ է պատրաստվում անել ընդդիմությունը

Քաղաքագետ Նորայր Դունամալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես Հայրենիքի փրկության շարժման կողմից մարզային հանդիպումներ կազմակերպելու հանգամանքին և այդ ուժի կողմից կիրառվող քարոզչական մարտավարությանը։
Sputnik
Պայքարի ապակենտրոնացում կամ պատասխան Փաշինյանին. ինչ է պատրաստվում անել ընդդիմությունը

Նորայր Դունամալյանի դիտարկմամբ` Հայրենիքի փրկության շարժումը փորձում է պատասխանել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնություններին, քանի որ վերջինս արդեն սկսել է մարզային հանդիպումներ կազմակերպել տարբեր շրջանների բնակիչների հետ` ազդարարելով նախընտրական գործընթացի մեկնարկը, թեև ընտրությունների մասին պաշտոնական հայտարարություն դեռ չկա։

«Հայրենիքի փրկության շարժումը փորձում է քարոզչություն իրականացնել ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև տարբեր բնակավայրերում` ապակենտրոնացնելով պայքարը։ Այլ հարց է, թե դա ինչ կտա հիմա։ Բողոքի ընդհանուր ալիքը, որն ավելի ծավալուն էր անցյալ տարվա նոյեմբեր–դեկտեմբեր ամիսներին, արդեն մարել է, հետևաբար պետք է լինեն նոր ձևաչափեր ընդդիմության համար, քանզի ընդդիմությունն էլ իր հերթին այժմ պառակտված է»,– նշեց քաղաքագետը։

Հայրենիքի փրկության շարժումն ազատում է Դեմիրճյան փողոցը. ի՞նչ է սպասվում հետո

Դունամալյանի կարծիքով` մարզային այցերն իրենց մեջ ներառում են տեխնոլոգիական տարր, այսինքն` փորձ է արվում մարդկանց համոզել մասնակցել կամ չմասնակցել ընտրություններին։

Ըստ նրա` եթե Ընտրական փոփոխված օրենսգիրքն ամբողջությամբ ընդունվի, ապա դա մյուս կողմից կբերի նրան, որ հետընտրական փուլում կձևավորվի կոալիցիա, և եթե ԱԺ անցած որոշ ուժեր չունենան բացարձակ մեծամասնություն, ապա կգնան այդ քայլին։ 

Քաղաքագետի համոզմամբ` ուշադրության կենտրոնում կլինեն ոչ այնքան այն ուժերը, որոնք հայտարարել են ընտրություններին առանձին մասնակցելու մասին, այլ նրանք, ովքեր կարող են դաշինքներ ձևավորել և ընտրական շեմը հաղթահարելուց հետո տարբեր կուսակցությունների հետ քաղաքական կոալիցիա կազմել։ Այսինքն` խոսքն առնչվում է ոչ միայն ձայներ հավաքելուն, այլև ստացված քվեների վերաբաշխմանը, ինչը նույնպես ընտրություններից հետո կդիտարկվի որպես կարևոր հանգամանք։       

Նշենք, որ մարտի 28-ին կայացած հանրահավաքի ժամանակ Հայրենիքի փրկության շարժումը հայտարարել է պայքարի նոր փուլի մեկնարկի մասին։

«Քոչարյան» դաշի՞նք կստեղծվի. ինչ են պայմանավորվել ընդդիմության լիդերները. «Ժողովուրդ»

Շարժումը մարդկանց կոչ է արել ինքնակազմակերպվել բոլոր համայնքներում, ոտքի ելնել և ակտիվորեն մասնակցել իրենց մարզային հանդիպումներին ու հավաքներին, իսկ մարզային այցելություններից հետո արժանապատիվ քաղաքացիները վերստին կվերադառնան Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներ։