ՀՀ ՄԻՊ–ը փաստերով ներկայացրել է ադրբեջանական կողմի ֆաշիստական դրսևորումները

Արման Թաթոյանը նշում է` ինչպե՞ս կբացատրեն, որ Ադրբեջանի զինված ուժերը պատերազմից հետո բացահայտ ոչնչացնում ու պղծում այն հայ մարշալների, գեներալների արձանները, որոնք Հայրենական մեծ պատերազմում պայքարել են ֆաշիզմի դեմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Ֆաշիզմը մարդու իրավունքների խախտումների, բռնաճնշումների ու վայրագությունների հիմքում է: Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարություններին։

Պետք է թույլ չտանք թմրեցնել մեզ ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ. Արման Թաթոյան

«Ադրբեջանական իշխանություններն անընդհատ հայտարարում են, թե Արցախում ու Հայաստանում ֆաշիզմ է խրախուսվում: Իրո՞ք: Բա եթե այդպես է` ինչպե՞ս կբացատրեն, որ իրենց զինված ուժերն Արցախում այս պատերազմից հետո ու դրանից առաջ բացահայտ ոչնչացնում ու պղծում այն հայ մարշալների ու գեներալների արձանները, ովքեր Հայրենական Մեծ Պատերազմում հերոսաբար պայքարել են ֆաշիզմի ու նացիզմի դեմ և հաղթել են»,-գրում է Թաթոյանը։

Նա թվարկել է այն հայ մարշալներին ու գեներալներին, որոնք պայքարել են ֆաշիզմի ու նացիզմի դեմ։ Ներկայացնում ենք այդ շարքը.

  • Մարշալ Հովհաննես Բաղրամյան` ԽՍՀՄ կրկնակի հերոս, ԽՍՀՄ մարշալ, ծնված` գ. Չարդախլու, Գանձակ:
  • Մարշալ Համազասպ Բաբաջանյան` ԽՍՀՄ հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, ծնված` գ.Չարդախլու, Գանձակ:
  • Նելսոն Ստեփանյան` ԽՍՀՄ կրկնակի հերոս, Լենինգրադի պաշտպաններից, օդաչու, ծնված` Շուշի:
  • Արմենակ Խանփերյանց (Սերգեյ Խուդյակով) ԽՍՀՄ ավիացիայի մարշալ, ծնված Մեծ Թաղեր, Հադրութ:
  • Սերգեյ Սարդարով` ԽՍՀՄ ավիացիայի գեներալ-գնդապետ, ծնված` Ազոխ, Շուշի:
  • Հովհաննես Իսակով` ԽՍՀՄ նավատորմի ծովակալ (ադմիրալ), ԽՍՀՄ հերոս, ԽՍՀՄ ԳԱ պատվավոր անդամ, ծնված` գյուղ Հաջիքենդ, Կարս:
  • Հովհաննես (Իվան) Թևոսյան` պատերազմի տարիներին ԽՍՀՄ մետալուրգիայի ժողկոմ, իսկ հետո նախարար, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ծնված` Շուշի: Իվան Թևոսյանն էր ապահովում մետաղի մատակարարումը ԽՍՀՄ պաշտպանական բոլոր ձեռնարկություններին:

Նշենք, որ երեկ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, ելույթ ունենալով ԱՊՀ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում,  նշել էր, որ ԱՊՀ-ում նացիզմ է քարոզվում, և իբր որպես օրինակ բերել էր Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված Գարեգին Նժդեհի հուշարձանը։