«Եթե Քոչարյանը մասնակցի ընտրություններին, կաջակցեմ իրեն». Սեյրան Օհանյան

Օհանյանի խոսքով` ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման օրոք Հայաստանը եղել է շատ լավ կարգավիճակում, և նրա փորձի կիրառումը ստեղծված իրավիճակում շատ կարևոր է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Եթե ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից լինի հրավեր արտահերթ ընտրություններին մասնակցելու և ընդգրկվելու իր թիմում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կընդունի այդ առաջարկը: Այս մասին նա ասել է  Yerkir.am-ի հետ զրույցում:

Օհանյանի խոսքով` ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման օրոք Հայաստանը եղել է ավելի քան լավ կարգավիճակում, և նրա փորձի կիրառումը ստեղծված իրավիճակում շատ կարևոր է:

Ռոբերտ Քոչարյանը ընտրություններին «կրելու» համար հզոր ցուցակով կներկայանա. «Հրապարակ»

«Ես մեծ հարգանք եմ տածում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, և եթե Ռոբերտ Քոչարյանն այսօր որոշել է, որ պետք է քաղաքական գործընթացների մեջ լինի և մաս կազմի, միանշանակ ես կողմ եմ, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանն իր փորձով, իր գիտելիքներով, իր անցած ճանապարհով ցույց է տվել՝ իր ժամանակահատվածում Հայաստանը ավելի կազմակերպված է դարձել, իր ժամանակահատվածում ՀՀ անվտանգությունը ավելի բարձր հիմքերի վրա է դրվել, տնտեսությունը սկսել է զարգանալ, տուրիզմի հիմքն ինքն է դրել»,- ասել է Սեյրան Օհանյանը` հավելելով, որ իհարկե թերություններ ևս եղել են նրա ղեկավարման օրոք:

 Օհանյանը նշել է, որ հիմա չկան քննարկումներ ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի թիմում իր ընդգրկվելու մասին, բայց եթե Քոչարյանը մասնակցի ընտրություններին, ապա ինքը կաջակցի նրան։

2021-ի մարտի 18–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաձայնության է եկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։

Ո՞ր դեպքում ընտրությունները կչեղարկվեն. քաղաքագետը` Արմեն Սարգսյանի հայտարարության մասին

Դրանից հետո իշխող ուժը հայտարարեց, որ ցանկանում է խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացնել նոր ընտրական օրենսգրքով` համամասնական ընտրակարգով։

Նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, որն իր վերջին լիագումար նիստում որոշում է կայացրել հրատապ ընթացակարգով քննարկել այն։

Իսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը РБК-ի հետ զրույցում, պատասխանելով ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հարցին, նշել է, որ ինքը հունիսի 20-ի վերաբերյալ դեռ ոչինչ չի ստորագրել։ Ու գուցե չստորագրի, այլ որոշումն ուղարկի Սահմանադրական դատարան: